2018 թվականը մոտենում է ավարտին։ Հայաստանում այն մեծ փոփոխությունների ալիք բարձրացրեց․տարի էր, որը քաղաքական դաշտում շրջեց խաղացողների դիրքերը, խառնեց խաղաքարտերը։ NEWS.am-ը 2018-ն ամփոփել է հանրային-քաղաքական գործիչների հետ։ Նրանք խոսել են իրենց ձեռքբերումների ու թերացումների մասին, ընտրել իրենց «քաղաքական Ձյունանուշին կամ Ձմեռ պապին», պատմել ամենասուր անեկդոտները, անկեղծացել, թե քանի բաժակ ոգելից խմիչքից հետո են հայտնվում «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ» ֆիլմի հերոսի դերում։ Այս մասին եւ ոչ միայն, զրուցել ենք 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի հետ։
Որտե՞ղ եք անցկացնելու ամանորյա արձակուրդները։
Ամանորը անցկացնելու եմ Հայաստանում, մի անգամ եմ կյանքումս ստիպված բացակայել ուսանողական տարիներին, երբ սովորում էի Ֆրանսիայի Մարսել քաղաքի համալսարաններից մեկում եւ կրթաթոշակը չէր բավարարում հետադարձ տոմս գնելու եւ ընտանիք վերադառնալու համար, հանրակացարանի միջազգային ուսանողներով նշեցինք Ամանորը Ֆրանսիայում, մնացած բոլոր Ամանորներն իմ կյանքում դիմավորել եմ բացառապես Հայաստանում։
Որքա՞ն գումար եք մտադիր ծախսել տոների ընթացքում։
Անկեղծ ասած, առեւտուր երբեք չեմ արել, եւ դա կապ չունի իմ աշխատանքի, պաշտոնի հետ: Սիրում եմ գնել նվերներ, բայց ոչ երբեք սեղանի պարագաներ, մթերք եւ այլն։ Տանը ինձ վրա միշտ խմիչքն է մնում, խմիչքը ես եմ գնում, շատ մեծ ծախսեր չենք անում, որովհետեւ խնդիրը ինձ համար եւ իմ ընտանիքի համար ոչ ճոխությունն է, ոչ գաստրոնիկ խրախճանքը, այլ ավելի շատ միջավայրը, ջերմությունը։ Մեծ գումար չենք ծախսում, երեւի տիկինս ավելի հստակ կպատասխանի, չեմ հաշվել երբեք։
Անցնող 2018 թվականին ձեր անձնական գլխավոր ձեռքբերումը։
2018 թվականին որպես անձնական ձեռքբերում կհամարեմ իմ որդիների արագ մեծանալը եւ լավ սովորելը, սկսել են ավելի լավ սովորել։ Երբ ԿԳ նախարար էի, տանը միշտ այդ խոսակցությունը կար, որ դուք պետք է լավ սովորեք, որ դուք լավ չսովորեք, ես ուրիշ երեխեքի վրա ո՞նց խոսեմ եւ այլն: Երբ դուրս եկա այդ պաշտոնից, փոքրս եկավ, հարցրեց՝ պապ, էլ կարող ենք լավ չսովորե՞լ, դու էլ նախարար չես, բայց հիմա բավականին հասուն են ու շատ լայն մտահորիզոն ունեն, բազմաթիվ հետաքրքրություններ։ Սկսել են էլ ավելի լավ սովորել եւ իմ ամբողջ ուրախությունն ու հպարտությունը իմ որդիների, իմ ընտանիքի մեջ է։
2018 թվականին ձեր անձնական ամենամեծ թերացումը։
Ամեն տարի մարդ պլանավորում է այդ տարի ինչ-որ բան անել, օրինակ, ես, պարբերաբար, պլանավորում եմ նորից գնալ մարզասրահ, բայց երկու ամսից ավելի չեմ ձգում, նորից խառնվում են ծրագրերը։ Գրքեր ունեմ տանը շարած, տասնյակներով, որ ամեն անգամ ցանկացած երկիր գնալիս պարտադիր մի քանի տեղ կա, որ պետք է մտնես, մեկն անպայման գրախանութն է, գիրք եմ բերում եւ ասում՝ ա՛յ սա պիտի կարդամ, տարվա մեջ երեւի 15-20 գիրք եմ հասցնում կարդալ: Ունեմ տանը կուտակած լավ գրականություն, ցավում եմ, որ 2018-ին այդ ծրագիրը եւս չիրականացրեցի, 2019-ին երեւի կստացվի։
Եթե հավատայիք Ձմեռ պապին, ի՞նչ նվեր կուզեիք նրանից։
Ես կյանքից ուզում եմ այն, ինչ մնացած շարքային մարդիկ, ոչ մի ավել բան՝ որ մտերիմներդ, հարազատներդ առողջ լինեն, անփորձանք լինեն, իսկ մնացածը աշխատանքով հնարավոր է՝ ե՛ւ վաստակել, ե՛ւ ապրել։ Այն, ինչ ի վերուստ է, ճակատագիր է, անունը կդնենք Ձմեռ պապ այս տոնական օրերին, թե Աստված, ինչպես կկամենաք, բայց ցանկությունները նույնն են մնում՝ շարքային են, մարդկային են եւ նույնն են:
Եթե հայ քաղաքական դաշտի կանանցից Ձյունանուշ ընտրեիք, ո՞ւմ վրա կանգ կառնեիք։
Ձեր հարցը շատ սադրիչ է, ինձ գցում եք հին հունական դիցաբանության հերոսներից մեկի՝ Պարիսի օրը, որը խնձոր պետք է տար, հիմա այդ խնձորն ո՞ւմ տամ։ Ես այդ խնձորը չէի տա ոչ մեկին, որ ոչ մեկին չնեղացնեմ։ Հայաստանի քաղաքական կյանքում ինձ համար կին գործիչներից իր մարդկային, մասնագիտական, քաղաքական, ինտելեկտուալ, կամային հատկություններով առանձնանում է Արփինե Հովհաննիսյանը։
2018 թ. Ձեզ ամենաշատը տպավորած գիրքը։ Ինչո՞ւ։
2018 թվականին հասցրել եմ մի քանի տասնյակ գիրք կարդալ, ամենատպավորիչը «Sapiens. Մարդկության կարճ պատմությունը» գիրքն էր, որի հեղինակը Հարարին է՝ իսրայելցի գրող եւ հետազոտող։ Նա մարդկության պատմության այլընտրանքային վարկած է առաջադրում, որը շատ հետաքրքիր է, խորհուրդ եմ տալիս կարդալ։
2018 թ. Ձեզ ամենաշատը տպավորած ֆիլմը։ Ինչո՞ւ։
Ֆիլմերից նստել եմ Netflix-ի վրա, այսպես ասած, երկուսը մեկում է՝ ե՛ւ լեզուն է շատ-շատ կատարելագործում, բացվում, ե՛ւ թարմություն՝ արվեստի, կինոարտադրության ոլորտում։ Ամենատպավորիչը երեւի այս տարի «The crown»-ն էր՝ Եղիսաբեթ 2-րդի մասին սերիալ է, երկու սեզոնով, մեկ շնչով նայեցի։ Անհամբեր սպասում եմ շարունակությանը։ Գլոբալ քաղաքականության մասին է՝ շաղախված շատ գեղեցիկ մարդկային պատմություններով։
2018 թ. Ձեզ ամենաշատը տպավորած երգը։ Ինչո՞ւ։
Դժվար է։ Այս տարի ֆրանկոֆոնիայի տարի էր, ավելի շատ ֆրանսերեն երգեր եմ լսել, այդ տեսակետից հնաոճ եմ, ռետրո երգեր եմ շատ սիրում։ Տանը այդ առումով թարմություն են ապահովում տղաներս, որոնք ռեփի, հիփ-հոփի սիրահար են: Վերջերս տանը շատ է հնչում Drake-ի երգերը, տղերքս դա են համարում մոդայիկ, դե ես էլ ստիպված լսում եմ։
Ինչո՞վ եք զարմացնելու Ձեզ եւ մեզ 2019 թվականին։
Հավակնոտ բաներ չեմ ուզում ասել, բայց ինձ համար ինքնակատարելագործման ճանապարհը ցկյանս է, այսինքն՝ սովորիր այնքան, որքան կարող ես շնչել, կատարելագործիր ինքդ քեզ այնքան, որքան դեռ կենդանի ես ու զգում ես կյանքի ջերմությունը։ Կարծում եմ՝ պետք չէ տարիների ընթացքում կորցնել կյանքի ընկալման սրությունը, այդ հավեսը, որը ես չեմ կորցրել ու չեմ պատրաստվում կորցնել նաեւ հաջորդ տարի, այդ թվում՝ ստեղծագործական ասպարեզում: Բայց քաղաքականությունը կմնա թիվ մեկ զբաղմունքը ինձ համար։
Ամանորյա հայկական ավանդույթներից ո՞րն եք ամենաշատը սիրում եւ որը՝ ամենաքիչը։
Հիմա չեմ սիրում այն, ինչ առաջ ամենաշատն էի սիրում, երեւի տարիքից է, զբաղվածությունից։ Պարտադիր ծրագիր կա, չէ՞, իրար տուն գնալու։ Առաջ դա շատ էի սիրում, երբ երիտասարդ էի, ուսանող էի, տվերքով, կուրսով հավաքվում էինք, ֆռում էինք: Այդ մեկ շաբաթը տոն էր, հիմա դա ավելի շատ հոգս է, դժվարություն, գերադասում եմ մնալ տանը եւ հյուր ընդունել, ավելի շատ սիրում եմ, երբ մեզ հյուր են գալիս, քան որ ես եմ հյուր գնում։
Ամանորի գիշերը որերորդ զանգով կամ հաղորդագրությամբ եք շնորհավորում կուսակցության ղեկավարին։
Հաջորդ օրը՝ հունվարի 1-ին եմ շնորհավորում, որպես կանոն միշտ այդպես եմ շնորհավորել, մինչ այդ, պաշտոնական-արարողակարգային բացիկ, իսկ անձնական շնորհավորանք՝ ամսի 1-ին, կեսօրից հետո։
Եթե Ձմեռ պապը մեկ օրով Հայաստանում լիներ, առաջին հերթին ո՞ւր կտանեիք եւ ի՞նչ ցույց կտայիք մեր երկրում։
Դժվար է ասել, Հայաստանում շատ տեղեր կան, որոնք անձամբ ես էլ չեմ տեսել։ Կտանեի այնպիսի տեղ, որտեղ ինքս էլ չեմ եղել, Տաթեւ չեմ եղել դեռ, բազմաթիվ հյուրեր ուղարկել եմ, նաեւ խորհուրդ եմ տվել, ինքս չեմ գնացել ոչ ճոպանուղի, ոչ վանք։
Մեկը հին իրերն է նետում, մյուսը՝ լույսերը միացնում կամ դռները բաց թողնում. ժողովրդական հավատալիքներից Դուք որի՞ն եք հետեւում։
Երեւի միակ բանը, որին մինչեւ հիմա հետեւում եմ, երբ ժամացույցի վերջին զարկը հնչում է, շամպայնով լի գավաթները պետք է լի լինեն եւ շնորհավորանքը հենց այդ պահին հնչի, որեւէ այլ ավանդույթ՝ դուռը բացել կամ կահույք նետել, չեմ պահպանում։ Մեկ էլ, բնականաբար, տոնածառի տակ դարսած նվերներ պետք է լինեն, որ այդ պահին ամեն մեկը կարողանա գտնել իրենը։
Ե՞րբ է ձեր տանը վերջանում խոզի բուդը։
Մեր տանը երկու հատ է լինում որպես կանոն, մեկը միշտ մենք ենք պատրաստում, մյուսը եղբայրս է ուղարկում, որը խոհարար է: Առաջինը ամսի 2-3-ին է ավարտվում, երկրորդը 6-7-ի վրա, գնացող-եկողը շատ է լինում։ Ի դեպ, անպայման չի բուդ լինի, կարող է թեւ լինել, օրինակ, ես թեւ եմ սիրում կամ ոտ։
Ձեր ամենասիրած խմիչքը։
Ցանկացած ոչ քաղցր ալկոհոլային խմիչք լավ միջավայրում, դա կարող է լինել ե՛ւ տնական լավ քաշած օղի, ե՛ւ շատ հետաքրքիր վիսկի, կոնյակ։
Ո՞րերորդ բաժակից կարող եք հայտնվել «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ» հերոսի դերում։
Ճիշտն ասած, երեւի մեր մոտ գենետիկ լավ տրամադրվածություն կա, մենք լավ ենք մարսում ալկոհոլը, ես բարձր տրամադրություն ունենում եմ, բայց ինձ երբեք չեմ կորցնում։
2018թ. ձեր լսած ամենասուր անեկդոտը։
2018-ը անեկդոտների պարարտ հող տված տարի է, որպեսզի ներքաղաքական չմտնեմ, միջազգային անեկդոտ պատմեմ՝ «Մեծ քսանյակի» երկրների առաջնորդների հավաքն է, ամերիկյան ռադիոյին հարցնում են՝ ո՞վ է աշխարհի ամենահզոր ղեկավարը, ասում է՝ Թրամփը, հարցնում են՝ ինչո՞ւ, ասում է՝ որովեհտեւ Թվիթերում 40 միլիոն հետեւորդ ունի, թուրքական ռադիոյին են հարցնում՝ ո՞վ է ամենահզոր ղեկավարը, ասում է՝ Էրդողանը, ինչո՞ւ, ասում է՝ որովհետեւ արգելել է Թվիթերը Թուրքիայում, եւ հայկական ռադիոյին են հարցնում՝ ո՞վ է ամենահզոր ղեկավարը, ասում է՝ Պուտինը, ինչո՞ւ՝ որովհետեւ ինքը Թվիթերի բոլոր account-ների գաղտնաբառերը գիտի։











