Գործազրկության հարցը չպետք է լուծվի ուռճացված պետական համակարգի միջոցով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, երգահան Լիլիթ Պիպոյանը։
«Մշակույթի նախարարությունն, իհարկե, կարեւոր մարմին է, Մշակույթի նախարարությունը պետք է ունենա մշակութային քաղաքականություն, Մշակույթի նախարարը պետք է լինի բանիմաց, խորաթափանց, որոշակի փիլիսոփայություն ունեցող մարդ, մշակույթը լավ հասկացող եւ ըմբռնող, արվեստագետների հետ շփվող, խնդիրնեը ճանաչող եւ արդար մարդ։ Այս պարագայում, Մշակույթի նախարարությունը կարող է շատ օգտակար լինել։ Այն, որ Մշակույթի նախարարությունն իր ինքնուրույն գոյությունը դադարեցնում է եւ մեկ այլ կառույցի հետ է միավորվում, ոչ մի արհավիրք դրանում չեմ տեսնում, դա որեւէ կերպ չի կարող խոչընդոտել լավ աշխատանքին եւ ողջունում եմ դա»,–նշեց նա։
Խոսելով նախարարության աշխատակիցների մասին, որոնք գործազուրկ կդառնան օպտիմալացման արդյունքում, Լիլիթ Պիպոյանը նկատեց. «Նրանք կդառնան գործազուրկ այնպես, ինչպես ուրիշներն են գործազուրկ, վատ է գործազրկությունը ինչպես նրանց համար, որոնք կդառնան գործազուրկ, այնպես էլ նրանց, ովքեր արդեն գործազուրկ են, սակայն գործազրկության հարցի լուծումը չպետք է տեղի ունենա պետական համակարգի ուռճացման հաշվին, դա լուծում չէ, տնտեսությունը պետք է զարգանա, ոչ թե 10-ի փոխարեն 30 հոգի նստի նախարարությունում»։
Հարցին՝ ինքն՝ որպես մշակութային գործիչ իր կյանքում զգացե՞լ է նախարարության դերը, Պիպոյանը դրական պատասխան տվեց. «Մշակույթի նախարարությունը երկու անգամ օգնել է սրահի վարձն եմ վճարել, իսկ այս տարի Արմեն Ամիրյանի շնորհիվ հրապարակել եմ հայրիկիս պատկերագիրքը, որը երկու երրորդ մասով նախարարությունն է վճարել»։











