Երեւանի զարգացման 5–ամյա ծրագիրն առհասարակ նման չէ ծրագրի։ NEWS.am–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը։
«Սա մեզ ժառանգություն է հասել նախորդ իշխանություններից։ Կատարվել են որոշակի փոփոխություններ, բայց եթե տեքստը կարդաք, սա ծրագրի տեսք չունի։ Ես ծրագիր ասելով հասկանում եմ հստակ նպատակներ, ակնկալվող արդյունքներ ու հստակ գործողություններ, սակայն, այստեղ ոչինչ պարզ չէ։ Վստահաբար սա այն տեսլականը չէ, որ «Իմ քայլն» ունի քաղաքի զարգացման վերաբերյալ»,– ասաց նա։
Ավագանու անդամը համոզված է, որ քաղաքապետարանի համապատասխան բաժինը պետք է նորմալ ծրագիր ներկայացնի. «Հակառակ դեպքում նման ծրագիր մեր դատին ներկայացնելը վիրավորական է։ Եթե քննադատում ենք նախորդ իշխանություններին, գալով իշխանության՝ չենք կարող այդ ծրագիրն ընդունել»։











