Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն անընդունելի է համարում ավագանու անդամների անհարգալից վերաբերմունքը միմյանց նկատմամբ, բայց համաձայն չէ այն նկատառման հետ, թե ինքը նկատողություններ չի անում։ 

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, քաղաքապետարանում ճեպազրույցի ժամանակ նա ասաց. «Յուրաքանչյուր այդպիսի դրսեւում ես դատապարտում եմ։ Միշտ կարգի հրավիրում եմ։ Ավելին, երբ այս ռեպլիկները լինում են ընդդիմադիրների կողմից, ես նկատողություն չեմ անում, ավելի ճիշտ եմ համարում, որ մենք մեզ նկատողություն անենք»։ 

Հարցին՝ նորմալ է համարում նա արդյոք, որ ավագանու անդամը ավագանու անդամին «ծիտ» է անվանում կամ «վերջին ակորդներ», քաղաքապետն ասաց. «Անկեղծ ասած չեմ լսել այսպիսի բան, միայն եթերը նայելուց հետո կկարողանամ պատասխանել, համենայն դեպս բոլորը պետք է իրար հարգելով խոսեն, անկախ նրանից ընդդիմություն են, թե իշխանություն։ Եթե այստեղ ենք գտնվում եւ զբաղված ենք Երեւանի գործերով, պետք է հանգիստ, հանդարտ խոսենք»։