18 հարց՝ 2018–ի մասին ամանորյա շարքի հյուրն է 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր եւ 7-րդ գումարման Աժ պատգամավորի թեկնածու Հրաչյա Հակոբյանը։

Որտե՞ղ եք անցկացնելու ամանորյա արձակուրդները։

Ամանորյա արձակուրդներին, ամենայն հավանականությամբ, կլինեմ Երեւանում, հնարավոր է՝ մի քանի օրով ընկերներով Թբիլիսի գնանք։

Որքա՞ն գումար եք մտադիր ծախսել տոների ընթացքում։

Աշխատավարձի մեկ երրորդը, որովհետեւ հունվար ամիսը դեռ առջեւում է։

Անցնող 2018 թվականին ձեր անձնական գլխավոր ձեռքբերումը։

Երբ հեղափոխությունը եղավ, Ազգային ժողովում ազատվեց այն տեղը, որն ինձ էր սպասում, եւ ես դարձա ԱԺ պատգամավոր։

2018 թվականին ձեր անձնական ամենամեծ թերացումը։

Թերացումներ եղել են, մի քանիսն են դրանք, բայց չեմ կարող առանձնացնել։

Եթե հավատայիք Ձմեռ պապին, ի՞նչ նվեր կուզեիք նրանից։

Ես հավատում եմ Ձմեռ պապին, արդեն ուզել եմ իմ նվերը, իսկ թե ինչ՝ չեմ ասի։

Եթե հայ քաղաքական դաշտի կանանից Ձյունանուշ ընտրեիք, ո՞ւմ կընտրեիք։

Լենա Նազարյանին։

2018 թ. Ձեզ ամենաշատը տպավորած գիրքը։ Ինչո՞ւ։

Ես այդ գիրքը կարդացել եմ շատ ավելի վաղուց, ուղղակի տպավորվել եմ գրքի թողարկումով, որ վերջիվերջո, լույս տեսավ. դա «Երկրի հակառակ կողմը» գիրքն է։ Ես այն կարդում էի, երբ դեռ այն տպվում էր «Հայկական ժամանակ» օրաթերթում՝ ամեն օր, գլուխ առ գլուխ, պատրաստվում եմ գրքի տեսքով վերընթերցել։

2018 թ. Ձեզ ամենաշատը տպավորած ֆիլմը։ Ինչո՞ւ։

Ֆիլմերը մի քանիսն են, որովհետեւ 2018 թվականին նաեւ նայել եմ ոչ միայն 2018 թվականի ֆիլմեր, այլ նաեւ ավելի հին ֆիլմեր եւ մուլտֆիլմեր։ Վերջերս նայածս ամենատպավորած մուլտֆիլմն ասեմ՝ «Կոկոյի պատմությունը», շատ լավն է։

2018 թ. Ձեզ ամենաշատը տպավորած երգը։ Ինչո՞ւ։

Չեմ կարող երգեր առանձնացնել, ես մի քիչ պահպանողական եմ, մեքենայի մեջ լսում եմ հին ռետրո երգեր, ես նոր «դըքցը– դըքցները» չեմ սիրում։

Ինչո՞վ եք զարմացնելու Ձեզ եւ մեզ 2019 թվականին։

Եթե ես ասեմ՝ ինչով եմ ձեզ զարմացնելու, դուք էլ չեք զարմանա, դրա համար չեմ ասի։

Ամանորյա հայկական ավանդույթներից ո՞րն եք ամենաշատը սիրում եւ որը՝ ամենաքիչը։

Որ հալվայի մեջ կամ պասուց տոլմայի մեջ կոպեկ են դնում կամ կոճակ, այդ ավանդույթն եմ սիրում, չեմ սիրում, որ մարդիկ, որպես ավանդույթ մոտենալով Ամանորին, պարտադիր ճոխ սեղաններ են տանը գցում, եթե զուտ որպես ավանդույթ են դա անում։

Ամանորի գիշերը որերորդ զանգով կամ հաղորդագրությամբ եք շնորհավորում կուսակցության ղեկավարին։

Մեր կուսակցության ղեկավար մարմինը վարչությունն է, վարչության նախագահ Սասուն Միքայելյանին եթե նկատի ունեք, չգիտեմ, որ զանգով կշնորհավորեմ, վարչության բոլոր անդամներն ընկերներս են, հերթականությամբ շնորհավորում եմ։

Եթե Ձմեռ պապը մեկ օրով Հայաստանում լիներ, առաջին հերթին ո՞ւր կտանեիք եւ ի՞նչ ցույց կտայիք մեր երկրում։

Մատենադարան կտանեի եւ մեր գրքերը ցույց կտայի Ձմեռ պապուն։

Մեկը հին իրերն է նետում, մյուսը՝ լույսերը միացնում կամ դռները բաց թողնում. ժողովրդական հավատալիքներից Դուք որի՞ն եք հետեւում։

Ես սնահավատ չեմ, բայց քանի որ մեր տանը մայրս միշտ այսպես էր անում, որպես սովորույթ մնացել է՝ լույսերը վառ թողել եւ դուռը բաց թողել։

Ե՞րբ է ձեր տանը վերջանում խոզի բուդը։

Մաքսիմում մի շաբաթ հետո, բայց որ չի վերջանում, կտրտում ենք, «ժարիտ» ենք անում, այդպես ենք ուտում։

Ձեր ամենասիրած խմիչքը։

Ռոմ եմ սիրում եւ սպիտակ գինի։

Ո՞րերորդ բաժակից կարող եք հայտնվել «Բաղնիքդ անուշի» հերոսի դերում։

Կախված է տրամադրությունից, կարող է դա լինել 2-րդ բաժակից, կարող է երբեք չլինել։

2018թ. ձեր լսած ամենասուր անեկդոտը։

Մեկը փիղ ա վաճառում, մյուսը մոտենում ա, ասում ա՝ ի՞նչ արժե փիղը, ինչ–որ անհավանական թիվ ա ասում՝ 500 հազար եվրո, հարցնում ա, թե ինչի՞ ա էսքան թանկ, թե բա՝ ամեն ինչ անում ա էս փիղը՝ տներն ա հավաքում, երեխեքի հետ դաս ա անում, լվացք ա անում, արդուկ ա անում, իդեալական փիղ ա։ Էս մարդը, պարտքերի տակ ընկնելով, հավաքում ա 500 հազարը, առնում, տանում ա տուն, էս փիղը ավիրում ա տունը, երեխեքի վրայով քայլում, սա դուրս ա գալիս, վաճառողին տեսնում ա, ասում ա՝ լսի, էդ ի՞նչ փիղ ես ծախել, ասենք՝ տները ավիրում ա, երեխեքի վրայով քայլում ա, կահույքն ավիրում ա, պատերը քանդում ա, վաճառողն ասում ա՝ ա՛յ, էդ տրամադրությունով դու էդ փիղը հաստատ երբեք չես կարողանալու ծախես։