Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հրաժարվելու է պատգամավորական մանդատից։

Այսօր՝ դեկտեմբերի 27–ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արշակյանը նշեց, որ ինքն այսօր ինքնաբացարկի դիմում է ներկայացնելու։

Հարցին՝ արդյոք բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարությունը ստեղծվում է իր համար, Արշակյանը պատասխանեց. «Որեւէ մեկի համար նախարարություն չի ստեղծվում, նախարարությունները ստեղծվում են պետական ոլորտները ճիշտ կառավարելու եւ առաջնահերթությունները ճիշտ դնելու եւ լուծելու համար։ Բարձր տեխնոլոգիաները միշտ հայտարարվել են որպես առաջնահերթություն, եւ հույս ունեմ, որ այդ նախարարությունը կստեղծվի»։

Հակոբ Արշակյանը նշեց, որ քննարկում կա, որ հենց ինքը լինի նորաստեղծ գերատեսչության ղեկավարը, սակայն, դեռեւս վերջնական որոշում չկա։

Նշենք, որ Կառավարության կողմից շրջանառության մեջ դրված «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին նախագիծն առաջարկում է կրճատել նախարարությունների թիվը՝ դրանք 17-ից հասցնելով 12-ի և ի տարբերություն մնացած նախարարությունների՝ Սփյուռքի նախարարությունը չի միավորվում որևէ նախարարության հետ, այլ լուծարվում է: