Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը վստահեցնում է, որ իրենց խմբակցության ներսում ընդդիմություն կա։
«Եվ դա տեսնում են մեր քաղաքացիները։ Շատ հարցերում մենք միակարծիք ենք, որովհետեւ ի վերջո ունենք միասնական տեսլական, նպատակներ, բայց այդ նպատակներին հասնելու ձեւերի շուրջ շատ հաճախ ունենք տարբեր պատկերացումներ։ Սա նոր Հայաստանի նոր ավագանու ամենամեծ ձեռքբերումներից է։ Մենք կարողանում ենք չհամաձայնվել իրար հետ, բանավիճել իրար մեջ, բայց սա ոչ մի խնդիր չի առաջացնում. ոչ մեկին ֆրակցիայից չենք հեռացնելու»,– NEWS.am–ի հետ զրույցում ասաց Գրիգոր Երիցյանը։
Նա հիշեցրեց, որ ավագանու նիստերի ժամանակ հաճախ է լինում, երբ խմբակցության անդամները տարբեր կերպ են քվեարկում։ Գրիգոր Երիցյանի խոսքով, իրենք ամենակառուցողական ընդդիմությունն են. իրենք քննադատում են, որ կառուցեն, մինչդեռ մյուս խմբակցությունները քննադատում են փլուզելու համար. «Ես կարեւորում եմ մեր ընդդիմադիր գործընկերների հետ աշխատանքը, որովհետեւ չեմ բացառում, որ որեւէ հարցի շուրջ մենք խնդիր չտեսնենք, բայց իրենց օգնությամբ խնդիրը տեսնենք։ Մի քանի անգամ առիթ եմ ունեցել կոչ անելու «Լույս» դաշինքի անդամներին ֆեյսբուքյան ու մամուլի դաշտից տեղափոխվել ավելի կառուցողական դաշտ, հանձնաժողովների նիստեր, առաջարկներ ներկայացնել»։











