Ես կոչ կանեմ «Լույս» խմբակցությանն ավելի շատ խոսել իրենց խնդիրներից եւ քիչ մեջբերել Արայիկ Հարությունյանին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով նախօրեին Երեւանի ավագանու նիստի ժամանակ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարությանը՝ որը վերաբերում էր Երեւանի ենթակայության երաժշտական եւ արվեստի դպրոցներում վարձավճարների աճին:

Բանն այն է, որ Երեւանի ավագանին որոշել է զգալիորեն բարձրացնել Երեւանի ենթակայության երաժշտական եւ արվեստի դպրոցների վարձավճարները, սակայն Երեւանի քաղաքապետարանը սուբսիդավորելու է այդ բարձրացման չափով, այսինքն քաղաքացիները վճարելու են նախկին դրույքաչափերով նախատեսված վճարները։

Նշվել էր, որ այս փոփոխությունը պայմանավորված է ԿԳ նախարարի հրամանով, որով ավելացել են դասաժամերը:

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ հիշեցրել էր, որ երբ ժամանակին Երեւանի ավագանիում այդ վարձավճարների բարձրացման հարց էր բարձրացել, իր մտահոգություններն էր հայտնել նաեւ այն ժամանակ ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը:

«Եթե չշարունակեն սուբսիդավորել, այդ ժամանակ կխոսենք»,-ասաց Արայիկ Հարությունյանը: