Երաժիշտ, երգահան, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը չի կարծում, որ Երեւան քաղաքի երաժշտական եւ արվեստի դպրոցների ծառայությունների վճարների բարձրացման արդյունքում այդ ծառայություններից օգտվողների թիվը կնվազի։
«Երբ մենք բողոքում ենք արվեստի դպրոցների պայմաններից, եկեք չմոռանանք, որ ավելացված վճարները գնալու են արվեստի դպրոցների վերանորոգմանը, որովհետեւ կան դպրոցներ, որոնք գտնվում են խայտառակ պայմաններում»,–ասաց նա՝ նշելով, որ դպրոցների վերանորոգման գումարները գոյանում են վարձավճարներից։
Իսպիրյանի կարծիքով՝ վարձավճարների ավելացումը զգալի չէ։
«Իմ երեխան գնում է արվեստի դպրոց , եւ իմ կարծիքով ես վճարում եմ չնչին գումար»,–ասաց նա եւ հավալեց.
«Ծնողը պետք է հասկանա, որ այդ գումարը, որ վճարում է՝ պետք է գնա եւ՛ դպրոցի վերանորոգման, եւ՛ ուսուցչի աշխատավարձերի բարձրացմանն, ինչն ըստ նրա՝ շատ կարեւոր է։
«Այսօր մեր ուսուցիչները ստանում են խղճուկ աշխատավարձ, իսկ 10-16 տոկոս բարձրացումն այդքան մեծ տարբերություն չէ ծնողի համար»,–ասաց նա։
Հարցին, թե հնարավո՞ր է վարձրավճարների բարձրացումից հետո արվեստի եւ երեժշտական դպրոց հաճախողների թիվը նվազի, Իսպիրյանը նշեց՝ ոչ։
«Ծնողի ամենամեծ ներդրումը երախայի ուսման համար , պետք է ոչինչ չխնայել, որ երեխան ստանա բարձր որակի ուսում եւ ոչինչ չխնայել, որ երգեցողության, նկարչության ուսուցիչն արժանապատիվ ապրի»,–ասաց նա։
Երգահանի խոսքով՝ արվեստի դպրոցների մասին պետք է մտածեն ոչ միայն ծնողները, այլեւ քաղաքապետարանն, ինչու չէ նաեւ բարերարները։
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանին դեկտեմբերի 25–ի նիստում հավանություն տվեց Երեւան քաղաքում տեղական վճարների 2019 թ. դրույքաչափերի նախագծին, որով նախատեսվում է բարձրացնել երաժշտական եւ արվեստի դպրոցների ծառայությունների վճարները։
Մասնավորապես՝ գործիքային բաժիններում ուսուցման վճարը ավելանալու է 2800 ՀՀ դրամով կամ 16 տոկոսով, երգեցողությանը՝ 4300 ՀՀ դրամով կամ 28,7 տոկոսով, պարարվեստինը՝ 2000 ՀՀ դրամով կամ 15,4 տոկոսով, կերպարվեստինը՝ 300 ՀՀ դրամով կամ 3,3 տոկոսով, թատերարվեստինը՝ 700 ՀՀ դրամով կամ 8,7 տոկոսով: Նշենք, որ ներկայումս Երեւանի ենթակայության 26 երաժշտական եւ արվեստի դպրոցներ հաճախողների թիվը 8124 է։











