Ամանորի նախաշեմին Երեւանի կենտրոնում ակտիվացել է փողոցային առեւտուրը։ Քաղաքի բանուկ փողոցների մայթերին կարելի է հանդիպել մի քանի մետրի հասնող սեղանիկների՝ բեռնված սննդամթերքով, միրգ–բանջարեղենով եւ այլ ապրանքներով։
NEWS.am–ի հետ զրույցում Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը նշեց, որ փողոցային առեւտուրը վերահսկելու առումով լուրջ անելիքներ ունի թե՛ ոստիկանությունը եւ թե քաղաքապետարանը։
«Օրինակ Փակ շուկայի փողոցային առեւտուրը ձգվում է մինչեւ նախկին Ձկան խանութի մոտ։ Չեմ կարող մեղադրել այդ մարդկանց, որ նոր տարվա շեմին ուզում են մի փոքր գումար վաստակել եւ պահել իրենց ընտանիքը»,–ասաց նա՝ նշելով, որ խնդիրը համակարգային է։
Փողոցային առեւտրի խնդիրը կա նաեւ Կոմիտասի շուկայի հարակից տարածքներում։
«Այսօր Կոմիտասի այդ գեղեցիկ շուկայում ոչինչ չի կատարվում, շուկան դատարկ է, մի հատ լույս է վառվում, իսկ ներսում մարդ չկա , իսկ կողքը մի ամբողջ փողոց կարտոֆիլ են վաճառում, այն դեպքում, երբ կարտոֆիլը վաճառվել է շուկայի աջ կողմում։ Ինչու՞ պետք է շենքը դատարկ մնա, իսկ դրսում փողոցային առեւտուր իրականացվի»,–ասաց նա։
Իսպիրյանի խոսքով, ինչ–որ տեղ ընդունելի է, որ փողոցում միրգ են վաճառում , սակայն երբ , առանց սանիտարահիգիենիկ պայմանների խախտումով հաց կամ ձուկ է վաճառվում, անընդունելի է։
Ավագանու անդամը հույս հայտնեց, որ հաջորդ տարի այդ հարցերը կկարգավորվեն։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21–ին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Երեւանի ավագանու նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել էր, որ քաղաքապետարանը հունվարի 1-ից ավելի խիստ է լինելու փողոցային ապօրինի առեւտրի նկատմամբ։
Մարությանը շեշտեց, որ քաղաքապետարանն ու ոստիկանությունն ամեն ինչ անում են՝ փողոցային ապօրինի առեւտուրը նվազագույնի հասցնելու համար եւ հունվարի մեկից առավել խիստ եւ հետեւողական են լինելու։











