25 տարի ճաղերի հետևում անցկացնելուց հետո օրերս դատարանի դահլիճից ազատ արձակված՝ ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանը արդեն ազատության մեջ խոստովանում է՝ ավազակային հարձակում արել է, սակայն մարդ չի սպանել:  Դեկտեմբերի 25-ին ազատ արձակված ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմել է բանտում անցկացրած 25 տարիների, իր պայքարի եւ զգացողությունների մասին։

«Ինձ 1994 թվականի դեկտեմբերի 5-ին դատապարտել են, պատիժը` գնդակահարություն, տեղափոխել են գնդակահարության ռեժիմի խուց,  տարիներ շարունակ հացադուլներով եւ այլ միջոցներով պայքարել եմ, եւ ոչ մի արդյունքի չենք հասել։ Դիմում էին ներկայացնում, մեր աչքի առջեւ դիմումը ճղում էին, գցում զիբիլի վեդրոն, ու դա կարող են հաստատել բոլոր ցմահ դատապարտյալները։  Ես ընդունում եմ,որ ավազակային հարձակման եմ գնացել 2 անգամ, բայց սպանություն չեմ արել։ Ես ստիպված եմ ասել, որ էդ սպանությունը ես եմ արել , քանի որ Կիրովականի քաղմասից ինձ հանել են, խփել են, հրազենային վնասվածք են պատճառել, ու դրանից հետո ես ինձ վրա եմ վերցրել»,- պատմեց նախկին ցմահ դատապարտյալը։

Վահագն Մարուքյանի համոզմամբ՝ իր եւ մյուս ցմահ ազատազրկվածների գործերը սկսել են վերանայել հեղափոխությունից հետո. «Տեղի ունեցածը ինձ համար անակնկալ էր, բայց մի քիչ հույս ունեի, որ իրոք եկել է ժամանակը, որ դատարանը ճիշտ որոշում կայացնի։ 25  տարի 3 ամիս անց, չեմ կարող նկարագրել էդ զգացողությունը, հրաշք է տեղի ունեցել, որ ես ազատվել եմ»։

Ազատության մեջ առաջին բանը, որ արել է Վահագն Մարուքյանը, այցելել է հոր շիրիմին, հետո եկել է տուն, տնեցիներին էլ զգուշացրել, որ իրեն լաց ու կոծով չդիմավորեն:

Վահագն Մարուքյանը դեռ չի հասցրել շրջել հայրենի քաղաքում՝ Վանաձորում, ծանոթանալ փոփոխություններին։ Նախկին ցմահ դատապարտյալը մտադիր է բացահայտել իր գործի մանրամասները եւ հասնել նրան, որ պատասխանատավության ենթարկվեն իր գործով քննիչները, որոնց պատճառով ինքը 25 տարի բանտում է անցկացրել։

«Իրենք էնքան բեսպրեդել են եղել, ասել են՝ հանեք, խփեք: Իրենք ինձ ասում էին, արա, շան բախտ ունես,  չսատկեցիր, քեզ գնդակահարության ենք տանում։ Իմ հերս ու մերս, որ եկել են դատական նիստին, լսել են, որ դատախազն ու դատավորը միմյանց հետ վիճել են, դատավորն ասել է՝ էդ երեխեն չի սպանողը, դատախազն ասել է՝ ինքն է, ինքը չի, պետք է դատել, ու իրենց ամենամեծ սխալն այն է, որ ինձ սաղ են թողել»,- ասաց Վահագն Մարուքյանը։

Նշենք, որ Վանաձորի բնակիչ Վահագն Մարուքյանը կալանավորվել է 1993թ.՝ 19 տարեկանում: Նա  մեղավոր է ճանաչվել Վանաձորի Ռազմական ոստիկանության պետի դիտավորյալ, կանխամտածված սպանության մեջ: 1994 թ. ՀՀ Գերագույն դատարանի դատավճռով նա դատապարտվել է մահապատժի (2003-ից ՀՀ նախագահի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ):

Վահագն Մարուքյանը դեկտեմբերի 25-ին ազատ է արձակվել դատարանի դահլիճից։ Դատարանը հաշվի է առնել դատապարտյալի ծանր առողջական վիճակը և պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունները: