18 հարց՝ 2018–ի մասին ամանորյա շարքի հյուրն է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։

Որտե՞ղ եք անցկացնելու ամանորյա արձակուրդները։

Երեւի թե Հայաստանում, շատ քիչ է պատահում, որ Հայաստանից դուրս եմ գնում, այս տարի եւս կացկացնեմ Հայաստանում։

Որքա՞ն գումար եք մտադիր ծախսել տոների ընթացքում։

Չեմ պլանավորել, որովհետեւ ես ավանդական Ամանոր չեմ անում, բնականաբար, բոլոր ծախսերը լինում են իրավիճակային։

Անցնող 2018 թվականին ձեր անձնական գլխավոր ձեռքբերումը։

2018 թվականին կրկնապատկվեցին կամքս եւ համբերությունս, սա երեւի թե ամենամեծ ձեռքբերումն է։

2018 թվականին ձեր անձնական ամենամեծ թերացումը։

Քիչ եմ աշխատել։ Երեւի թե կարող ենք ավելին անել։

Եթե հավատայիք Ձմեռ պապին, ի՞նչ նվեր կուզեիք նրանից։

Խաղաղություն։

Եթե հայ քաղաքական դաշտի տղամարդկանցից Ձմեռ պապ ընտրեիք, ո՞ւմ կընտրեիք։

Երեւի թե Գեւորգ Գորգիսյանը կարող է լինել լավ Ձմեռ պապ, որովհետեւ Գեւորգը շատ կենսուրախ եւ բարի մարդ է։

2018 թ. Ձեզ ամենաշատը տպավորած գիրքը։ Ինչո՞ւ։

2018-ին վերընթերցել եմ չեխ գրող Յարոսլավ Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները»։ Այն մարդային հիմարության եւ ապուշության մի յուրօրինակ բացատրական բառարան է։

2018 թ. Ձեզ ամենաշատը տպավորած ֆիլմը։ Ինչո՞ւ։

Ամերիկյան քաղաքական սերիալ կա՝ «Թղթե տնակը», որը նայում եմ, վերջին սեզոնն եմ նայել, բավականին տպավորիչ է։

2018 թ. Ձեզ ամենաշատը տպավորած երգը։ Ինչո՞ւ։

«Լուսավոր Հայաստանի» երգն է դա, որն ընտրություններին բոլորին ներկայացրեցինք։ Այն շատ ուրախ էր եւ բավականին դրական լիցքեր ուներ իր մեջ, կարծում եմ, որ դա նաեւ մեզ շատ ոգեւորում էր նախընտրական քարոզարշավներին։

Ինչո՞վ եք զարմացնելու Ձեզ եւ մեզ 2019 թվականին։

Դե, եթե ցանկանամ ինչ-որ բանով զարմացնել, հաստատ չեմ ասի, որովհետեւ անակնկալները չեն ասում։

Ամանորյա հայկական ավանդույթներից ո՞րն եք ամենաշատը սիրում եւ որը՝ ամենաքիչը։

Սիրում եմ, որ մարդիկ համախմբված, միահամուռ կերպով նշում են Ամանորի սկիզբը՝ կեսգիշերը, եւ չեմ սիրում, որ բոլորը մի քանի օր շարունակ խմում են, ուտում են եւ կորցնում են ռացիոնալ միտքը։ Դա նաեւ խանգարում է, որպեսզի ավելի արագ կարգապահ դառնան եւ վերադառնան աշխատանքի, այդ վիճակները չեմ սիրում։

Ամանորի գիշերը ո՞րերորդ զանգով կամ հաղորդագրությամբ եք շնորհավորում կուսակցության ղեկավարին։

Այն զանգով, որ կապի օպերատորը թույլ տա, որովհետեւ գիշերը ոչ մեկին չես կարողանում զանգել կապի ծանրաբեռնվածության պատճառով, բայց եթե չի ստացվում զանգել, կան նաեւ այլ կապի միջոցներ, օրինակ, Facebook-ով, եւ կապ չունի՝ դա կլինի կեսգիշերը, հունվարի 1-ը, կարեւորը շնորհավորելն է։ 

Եթե Ձմեռ պապը մեկ օրով Հայաստանում լիներ, առաջին հերթին ո՞ւր կտանեիք եւ ի՞նչ ցույց կտայիք մեր երկրում։

Կբերեի Հանրապետության հրապարակ, կասեի․ «Ձմեռ պապ, ասա՝ ո՞րն է աշխարհի ամենագեղեցիկ տոնածառը»։ 

Մեկը հին իրերն է նետում, մյուսը՝ լույսերը միացնում կամ դռները բաց թողնում. ժողովրդական հավատալիքներից Դուք որի՞ն եք հետեւում։

Նշվածներից ոչ մեկին չեմ հետեւում, պարզապես մոմեր եմ վառում, դա նաեւ ունի եկեղեցական նշանակություն, որ մաքրում ես օդը, մթնոլորտը։ Հաճելի է նաեւ մոմերի լույսերը կեսգիշերին, մի տեսակ ռոմանտիկ միջավայր է ստեղծում։

Ե՞րբ է ձեր տանը վերջանում խոզի բուդը։

Քանի որ ավանդական Նոր տարի միշտ նշել եմ հայրական տանը, ծնողներիս հետ, վերջին տարիներին մենք գրեթե չէինք ունենում խոզի բուդ, որովհետեւ խնդրում էինք մեր հորը, որպեսզի նա բերի նապաստակ, հնդկահավ, լավ ձուկ, բայց ոչ խոզի բուդ եւ մենք գրեթե չէինք ունենում խոզի բուդ։

Ձեր ամենասիրած խմիչքը։

Ես շատ եմ սիրում վիսկի, բայց վերջերս Ստեփանակերտում էինք, եւ մեզ հյուրասիրեցին թթի օղի, եւ ես հասկացա, որ Արցախի թթի օղին ամենալավ խմիչքն է աշխարհում։

Ո՞րերորդ բաժակից կարող եք հայտնվել «Բաղնիքդ անուշի» հերոսի դերում։

Չեմ կարող հայտնվել, որովհետեւ սովորաբար չեմ չարաշահում։

2018թ. ձեր լսած ամենասուր անեկդոտը։

Ծանոթներիցս մեկը պատմեց, եւ դա ինչ-որ տեղ առակ է նաեւ։ Մի մարդ քայլում է փողոցում եւ տեսնում է սրճարանի ցուցանակին գրված է՝ «Ակցիա՝ ուտում են պապերը, վճարում են թոռները»։ Այդ մարդը մտնում է սրճարան, պատվիրում է ամեն ինչ, լավ սնվում է, հաճելի ժամանակ է անցկացնում եւ վերջում ասում է՝ դե, ոնց հասկացանք, հաշիվը պետք է փակեն իմ թոռները։ Սրճարանի մատուցողը ասում է․ «Բայց դուք դեռ չեք փակել ձեր պապերի հաշիվը»։  Եվ նա հայտնվում է տհաճ իրավիճակի մեջ։