18 հարց՝ 2018–ի մասին ամանորյա շարքի շրջանակներում հարցերին պատասխանում է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

Որտե՞ղ եք անցկացնելու ամանորյա արձակուրդները։

Հայաստանում։

Որքա՞ն գումար եք մտադիր ծախսել տոների ընթացքում։

500-700 հազար դրամ։

Անցնող 2018 թվականին ձեր անձնական գլխավոր ձեռքբերումը։

Չեմ կարող միանգամից ասել, երեւի ընտանիքիս հետ կապված ցանկացած երեւույթ ինձ համար մեծ ձեռքբերում է յուրաքանչյու օր։

2018 թվականին ձեր անձնական ամենամեծ թերացումը։

Չունեմ։

Եթե հայ քաղաքական դաշտի կանանցից Ձյունանուշ ընտրեիք, ո՞ւմ կընտրեիք։

Լենա Նազարյանին։

2018 թ. Ձեզ ամենաշատը տպավորած գիրքը։ Ինչո՞ւ։

2018 թվականին բախտ չի վիճակվել գիրք կարդալ։

2018 թ. Ձեզ ամենաշատը տպավորած ֆիլմը։ Ինչո՞ւ։

Շատ են եղել, բայց չեմ մտաբերի կոնկրետ որեւէ մեկը։

2018 թ. Ձեզ ամենաշատը տպավորած երգը։ Ինչո՞ւ։

Դժվարանում եմ պատասխանել, չէ, չեմ ասի։ Շատ ավելի հեշտ հարց կլիներ, թե որ օրենքն է տպավորել ինձ։ Իսկ տպավորել է 2018 թվականի հուլիսի 1-ից Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը։

Ինչո՞վ եք զարմացնելու Ձեզ եւ մեզ 2019 թվականին։

Ինձ չեմ զարմացնելու, որովհետեւ ինձ չափազանց լավ եմ ճանաչում, Ձեզ զարմացնելու եմ երեւի անակնկալներով։

Ամանորյա հայկական ավանդույթներից ո՞րն եք ամենաշատը սիրում։

Ամենահայկական ամանորյա ավանդույթը ինձ համար 12-ից 10 պակաս ամբողջ ընտանիքով սեղանի շուրջ հավաքվելն է։

Ո՞ւմ է ուղղված ամանորյա ձեր առաջին շնորհավորանքը։

Առաջին շնորհավորանքը կնոջս եւ երեխաներիս, երկրորդ զանգը կամ շնորհավորանքը՝ մորս։

Եթե Ձմեռ պապը մեկ օրով Հայաստանում լիներ, առաջին հերթին ո՞ւր կտանեիք եւ ի՞նչ ցույց կտայիք մեր երկրում։

Կտանեի ավանդական վայրերով՝ Գառնի, Գեղարդ, Զվարթնոց եւ այլն։

Մեկը հին իրերն է նետում, մյուսը՝ լույսերը միացնում կամ դռները բաց թողնում. ժողովրդական հավատալիքներից Դուք որի՞ն եք հետեւում։

Երեւի դռները բաց թողնելը։

Ե՞րբ է ձեր տանը վերջանում խոզի բուդը։

Խոզի բուդը ինչպես մյուս հայ ավանդական ընտանիքներում, եթե լինում է, ապա ավարտվում է հունվարի առաջին տասնօրյակի ընթացքում։

Ձեր ամենասիրած խմիչքը։

Օղի։

Ո՞րերորդ բաժակից հետո կարող եք հայտնվել «Բաղնիքդ անուշի» հերոսի դերում։

Չեմ մտաբերում, որ այդպիսի իրավիճակում հայտնված լինեմ։

2018թ. ձեր լսած ամենասուր անեկդոտը։

Չեմ կարող պատմել, պատմել եմ վարչապետին, վերաբերում է իրեն։