Համամիտ եմ, եկեք միասին այդ հարցը լուծենք: Այս մասին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում այսօր՝ հունվարի 8–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ամիսներ առաջ կոչ էր անում համազգեստ կամ կոշիկ չուղարկեն զինծառայողներին, սակայն ծնողներից բողոքներ կան, որ ստիպված են իրենց որդիների համար հագուստ ու կոշիկ ուղարկել:
«Ինչ մենք տալիս ենք զինծառայողներին, բավարար է իրենց կենցաղն ապահովելու համար: Իսկ եթե մայրը գտնում է, որ լրացուցիչ նյութական միջոցներ ու իրեր է ուղարկում, դա այլ խնդիր է: Տարբեր շերտավորման եւ տարբեր բնավորության տեր մարդիկ են զորակոչվում բանակ, որոնք ունեն տարբեր պահանջներ ու մոտեցումներ: Կան մարդիկ, որոնք ուզում են, որ ծնողները միշտ ուշադրության կենտրոնում պահեն իրենց՝ պահանջելով ծնողներից այս կամ այն առարկան՝ անկախ նրանից, դա իրենց պետք է, թե ոչ:
Մյուս կողմից մեր հայկական սովորության համաձայն, մյուսներից հետ չմնալու համար, որ մեկի ծնողն ուղարկեց, ինչու իր ծնողը չուղարկեց: Կարող ենք անհատական նայել, եթե խնդիր կա համազգեստի, կոշիկի, ներքնաշորի հետ կապված, պատրաստ ենք քննարկելու: Ընդհանրապես կարծում ենք՝ ճիշտ չէ արգելել որ մայրը կամ ծնողը ինչ-որ բան ուղարկի: Վերջին օրերին քաղցրավենիք են շատ ուղարկում, հիմա արգելե՞նք, ասենք չի՞ կարելի»,-ասաց Արտակ Դավթյանը:
Հարցին, թե կարծում եք ծնողները կուղարկե՞ն հագուստ, եթե դրա անհրաժեշտությունը չլինի, գլխավոր շտաբի պետը դրական պատասխան տվեց. «Կարծում եմ՝ այո: Ձեզնից շատերը կունենան բարեկամներ, որոնց երեխաները ծառայում են: Բերեք միասին հասկանանք պատճառը որն է, ինչու է ծնողն ուղարկում, արդյոք երեխային դա պետք է թե ոչ: Համազգեստն ամբողջությամբ ապահովված է, համազգեստի ժամկետները փոխեցինք: Ներքնաշորերի հարցը նաեւ ձեր օգնությամբ բարձրացվեց ու փոխվեց»:
Նա ընդգծեց, որ զինվորները ստանում են գումար, որով գնում են իրենց անհրաժեշտ իրերը՝ հիգիենայի պարագաներ՝ օճառ, ատամի խոզանակ, մածուկ եւ այլն:











