Իմ նպատակը չի եղել գրաբարով ելույթ ունենալ, ցիտատը, որը բերվել է, կապված հավատքի շուրջ, մարդու, ոչ թե միայն դեպի Աստծուն, այլ առհասարակ հավատքը դեպի իր կատարած գործի նկատմամբ։ Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Գոռ Գեւորգյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ ամբիոնից իր գրաբարով ասված խոսքին, որը մեծ արձագանք էր ստացել սոցիալական ցանցերում:
«Այդ հատվածը տպավորված է եղել գրաբարով, քանի որ եթե դուք իմ կենսագրականը կարդաք, կհասկանաք՝ ես որտեղից եմ գալիս։ Եւ ընդհանրապես, մարդու հիմնական դիմագիծը իր կատարած աշխատանքներն են, եւ այն, ինչը նա պետք է անի, եւ իրենից առաջ կառուցած բոլոր այն հարթակները, որտեղ նա իր գործունեությամբ հանդես է եկել եւ կարողացել է որոշակի առումով ձեռք բերել եւ գաղափարակիցներ, եւ վստահության քվե ստանալ հասարակության տարբեր խավերի կողմից»,-ասաց նա:
Նա ընդգծեց, որ հանդուժողականությամբ եւ ժպիտով է վերաբերվում իր ելույթի վերաբերյալ հանրության արձագանքին, որոնք շատ հաճախ ծաղրական էին:
« Որովհետեւ յուրաքանչյուր մարդ գրում է եւ խոսում է այն, ինչ ինքը ընկալում է»,-ասաց նա:
Հարցին, թե ինչու հենց այդ ցիտատը մեջբերեց, Գոռ Գեւորգյանն այսպես արձագանքեց. «Որովհետեւ իմ խորին համոզմամբ, յուրաքանչյուր մարդու, եթե մանավանդ խոսում ենք այնպիսի հինավուրց երկրի մասին, որը Հայաստանի Հանրապետությունն է, եւ այնպիսի քաղաքացու տեսակի մասին, որը կա եւ պիտի ավելի կատարյալ դառնա, Հայաստանի Հանրապետության քաղաքացու մասին, որի նաեւ գաղափարական հենքերից մեկը կազմում է հավատքը, քանի որ մենք քրիստոնյա ենք, եւ հայի տեսակը պետք է լինի ուղղամիտ եւ իրականում հավատացյալ քրիստոնյա։ Հավատքի հետ կապված, որը առաջինը եկավ մտքիս, եղել է դա։ Սա պլանավորած ելույթ չէր, սա ընդամենը իրավիճակային պահանջ էր, որ իմ մեջ ցանկություն առաջացավ խոսելու, ինչը շատ բնական է ու տրամաբանական, եւ ներկայացրեցի այն ինչ այդ պահին մտածել եմ։ Այսինքն, հավատքի մասին որեւէ ավելի լավ բան, քան կարող է լինել Սուրբ գրքի պատգամը, ես առհասարակ չգիտեմ: Որովհետեւ Գիրք գրքոցը դա մեր առաջին գաղափարական եւ այսպես ասած հոգեւոր հիմնական աղբյուրն է, որից պետք է յուրաքանչյուր հայի տեսակ, իմ կարծիքով պետք է օգտվի»:











