«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միայն փոխարինեց Հանրապետական կուսակցությանը: Հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքով՝ այն օլիգարխները, որոնք ՀՀԿ-ի ժամանակ իշխանության էին, այս ընտրություններին իրենց ներկայացուցիչներին խորհրդարան են ուղարկել:

 «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարությունները ուղղակիորեն հակասում են այն փաստին, որ, օրինակ «Իմ քայլը» անունով բարեգործական հիմնադրամ է ստեղծվում: Սա դասական կոռուպցիոն սխեմա է», - բացատրեց նա:

Փոստանջյանն ընդգծեց, որ կոռուպցիայի վկայություն են նաեւ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՔԾ-ի ու ԱԱԾ-ի ղեկավարների հետ հեռախոսային խոսակցությունները:

«Ստացվում է, որ գործադիր իշխանության ղեկավարը, օգտվելով իր ծառայողական լիրազորություններից, կարող է ազդել քննության վրա, ինչպես նաեւ դատական համակարգի վրա: Սա գոյություն ունեցող ռեժիմին հակակշիռի բացակայության հետեւանք է», -ընդգծեց նա:

Նրա կարծիքով կոռուպցիայի դրսեւորում է նաեւ այն, որ քննության մեջ ներգրավված անձը փորձում է իր ունեցվածքի մի մասը պետությանը փոխանցել:

Խոսելով մի խումբ քաղաքացիների կողմից Մանվել Գրիգորյանի փաստաբանի վրա ճնշման գործադրման մասին, նա նշեց, որ Փաստաբանների պալատը պատրաստվում է Ոստիկանության անգործության կապակցությամբ բողոք ներկայացնել:

«Յուրաքանչյուր մարդ, անկախ նրանից, թե ինչ հանցագործություն է կատարել, պաշտպանության կարիք ունի: Պետք է հարգել փաստաբանական աշխատանքը», - ասաց Փոստանջյանը: