«Դեսպաններ ունենք, որ քարտեզի վրա այդ պետության տեղը չեն իմացել, բայց վազելով գնացել դարձել են դեսպան: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
«Շատ դեսպաններ դեսպանությունն իրենց համար վերածել են պարապ ինքնահիացման օթյակի եւ ոչ միայն չեն նպաստել Հայաստանի եւ այդ երկրի փոխհարաբերությունների ներդաշնակմանը, այլ ամեն ինչ արել են այդ հարաբերությունները փչացնելու համար: Դեսպան նշանակվողները պետք է գան էստեղ, նոր էստեղից գնան դեսպանական կյանքը վայելելու: Նրանք ոչ թե այսինչ ՍՊԸ-ն կամ ապրանքանիշն են ներկայացնում արտասահմանում, այլ պետություն են ներկայացնում»,-հայտարարեց Գեւորգ Պետրոսյանը:
Նա անդրադարձավ նաեւ հարկային վարչարարության բարդություններին, երբ օրինակ դերասաններին ու երգիչներին պարտադրում են հայրատարագրեր լրացնել. «Մեր դերասանները, քանի որ պետական աջակցություն չկա, ճարահատյալ կոպեկների դիմաց ստիպված են նկարահանվել այդ այլանդակ սերիալներում եւ խաչ քաշել իրենց փառավոր անցյալի վրա»,-ասաց նա:











