Այս 2-3 օրերի խորհրդարանական քննարկումները ինձ բավականին դուր եկան իրենց պրոֆեսիոնալ որակով: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Եթե 2 օր առաջ ասում էի, որ երեւի թե ժամանակ է պետք, որ կարողանամ գնահատել, թե արդյոք մենք գործ կունենանք պրոֆեսիոնալ խորհրդարանի հետ, այսօր գրեթե վստահությամբ կարող եմ ասել, որ ես տեսա իսկապես երիտասարդ, բայց պատրաստված գործիչների, որոնք կարող են լուրջ բովանդակություն հաղորդել խորհրդարանական աշխատանքներին»,-ասաց Զոհրաբյանը:
Նա հավելեց, որ այդուհանդերձ, կա անփորձություն եւ սայթաքումներ կլինեն. «Այնտեղ կան փորձառու գործիչներ, որոնց պարտքը պետք է լինի ուղղորդել ու օժանդակել անփորձներին: Դրանք ներֆրակցիոն խնդիրներ են, որոնք լուծելի են»:











