Երբ 1994 թվականին մենք «Վիլիսներով» գնում էինք, ադրբեջանցի զինվոր չէինք տեսնում: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
Նա անդրադարձավ 2016 թվականի ապրիլյան պատերազմին՝ հայտարարելով, որ այդ պատերազմում հայկական կողմը ունեցել է հակահարձակման անցնելու հնարավորություն, սակայն դա չի արել եւ դա զիջում է եղել Ադրբեջանին. «Մենք չենք զիջե՞լ Ադրբեջանին, մենք չենք զիջե՞լ 1994-ից մինչեւ 2016 թվականը, մենք չենք զիջե՞լ 2016-ի ապրիլին, երբ հայկական կողմն արդեն պատրաստ էր հակահարձակողական օպերացիաների, եւ Ադրբեջանը չգիտեմ ինչ վիճակում էր: Դա զիջում չէ՞ր»,-հայտարարեց Վիտալի Բալասանյանը:
Նշենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Արդեն ապրիլի 5-ին կողմերի միջեւ կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ Մոսկվայի միջամտությամբ:











