Հայկական բանակը մեր պետական շինարարության մեջ ամենակայացած կառույցն է։ Այսմասին այսօր՝ հունվարի 28-ին, Հայկական բանակի կազմավորման օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Իրապես սա շատ կարեւոր տոն է, որովհետեւ ինչ էլ որ քննադատենք, ինչից էլ որ խոսենք, կարծում եմ՝ ամենակայացած կառույցը մեր  պետական շինարարության մեջ դա հայկական բանակն է, աստեղ էլ  շատ անելիքներ ունենք»,- ասաց նա։

Անդրադառնալով  1000 դրամների հիմնադրամի մասին հարցին, որ ժամանակին ինքը շատ է քննադատել եւ նույնիսկ դեմ է քվեարկել խորհրդարանում, նա ասաց որ այդ խնդիրները ժամանակի ընթացքում պետք է լուծվեն։

«1000 դրամների հետ կապված, այո, եղել է այդ քննադատությունը, որ մենք հասել ենք նրան, որ ստիպված ենք սիմվոլիկ հարկ սահմանել, որպեսզի  վիրավոր եւ զոհված զինծառայողների եւ նրանց ընտանիքների խնդիրները լուծենք։ Եւ այո, ասել ենք, որ բավականին խնդիրներ չենք լուծել, պետությունն արդյունավետ պետություն չի եղել եւ հասել ենք դրան։ Հիմա գիտեք, որ բոլորս լծված ենք արդյունավետ պետություն կառուցման գործով, մենք մեր տեղը, իշխանությունը իր տեղը։ Հետեւաբար հիմա կարծում եմ, դեռ վաղ է ասել , որ այ արդեն քանի որ հեղափոխություն է եղել, այս 1000 դրամների օրենքը կվերացնենք, եւ դա պետք չի, որովհետեւ դա կոնկրետ այս օրերին խնդիր է լուծում»,- ասաց նա։

Մարուքյանը հավելեց, որ իրականում ինքը դեմ է քվեարկել, բայց այդ խնդիրը միակը չէ, բազմաթիվ խնդիրներ կան եւ այդ խնդիրները հերթով պետք է լուծել։