Հանրության բացասական արձագանքն այն պատճառով էր, որ մարդիկ շատ կարճ ժամանակ են աշխատել, 2 ամիս, 3 ամիս եւ աստղաբաշխական թվերով իրենց պարգեւավճարներ են իրենց տրամադրել։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, Հայկական բանակի կազմավորման օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով պարգեւավճարների խնդրին։
«Պետական աշխատավարձերը որոշ դեպքերում իրենց մեջ ներառում են պարգեւավճարներ, սա ի սկզբանե իմացեք։ Մարմիններ կան 3 ամիսը մեկ են պարգեւավճարներ են ստանում, մարմիններ կան տարին մեկ անգամ են ստանում, եւ սա ներառված է աշխատավարձային ֆոնդի մեջ։ Ես կարծում եմ՝ հանրության բացասական արձագանքն այն պատճառով էր, որ մարդիկ շատ կարճ ժամանակ են աշխատել, 2 ամիս, 3 ամիս եւ աստղաբաշխական թվերով իրենց պարգեւավճարներ են իրենց տրամադրել, օրինակ քաղաքապետարանը։ Շատ բան է ասվել այս մասին, պետք է վերանայել, սկզբնունքները, չափանիշները, թե որ դեպքերում ինչ չափանիշենրի դեպքում է տրվում պարգեւավճար կամ ընդհանրապես այդ պարգեւավճարների գումարը ներառել աշխատավարձերի մեջ, եթե չենք կիրառում այդ չափորոշիչները, ուրեմն եկեք ներառենք էդ ֆոնդը աշխատավարձի մեջ, որ էդ մարդը իմանա, որ իր աշխատավարձը 100 հազար դրամ է, 100 հազար էլ պարգեւավճար է, այլ ինքը ստանում է 200 հազար դրամ աշխատավարձ»,- ասաց նա։
Մարուքյանը ասաց, որ այս առումով պետք է վերանայել քաղաքականությունը եւ դա իշխանության առաջինն մարտահրավերն է․ «Մենք էլ որպես ընդդիմություն կարծում եմ ուշադիր ենք լինելու եւ ուշադիր ենք, չնայած 6-օրյա ժամկետում պետք է հրապարակեր քաղաքապետարանը, մեկ ամիս օրենքի խախտմաբ խոսք է տվել, որն կհրապարակի։ Կհրապարակի, կուսումնասիրեն եւ այդտեղ առաջարկներ կլինեն»։











