Բանակը չպետք է լինի որեւէ տեսքով սանկցիա քաղաքացու համար։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին,  Հայկական բանակի կազմավորման օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Բանակը չպետք է լինի որեւէ տեսքով սանկցիա քաղաքացու համար, որ նա ստիպված գնա, նա պետք է գնա բանակ իմ նշած երկու կոմպոնենտները  եւ երրորդը նաեւ իր կյանքի մի հատվածը  այդ ճանապարհով անցնելու համար։ Ես ինքս իմ կյանքի մի հատվածը, երկու տարի ծառայել եմ բանակում, հպարտ եմ դրա համար եւ եթե հետ նայեմ եւ մտածեմ, որ այդ երկու տարին ծառայած չլինեի,  ես ինձ չէի պատկերացնի այնպես, ինչպես, որ կամ, ես չէի լինի այն, ինչ-որ կամ։ Գիտեք, մյուս կողմից կա ինչ-որ մի անարդարություն, որ ինչ-որ մեկը  չի ծառայել, ավելի շատ է սովորել, լեզուներ է սովորել։ Կա այս խնդիրը եւ միշտ է եղել, բայց ես ծառայած լինելով հանդերձ, երբեք չեմ մտածել, որ չեմ կարող  է ավելի լավ լիներ։ Բանակը չպետք է լինի գյուղացիաբանվորական բանակ, պետք է ծառայեն միջին խավերի, հարուստ խավերի ներկայացուցիչները»,- ասաց Մարուքյանը։

Մարուքյանը նշեց, որ  «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախագիծ է ներկայացրել բանակից խուսափածների եւ հետախուզման մեջ գտնվողների համար, որովհետեւ այսօր հարյուրավոր մարդիկ սպասում են այդ օրենքի ընդունմանը, որ կարողանան վերադառնալ հայրենիք։

«Վերջին փոփոխություններով բարձրացվեց այդ գումարը 1,8 մլն-ից դառնալով 3,6 միլիոն։ Մենք պետք է նրանց խնդիրը լուծենք։ Այսօր 27 տարին  լրացածների համար պետք է այդ լուծումն առաջարկել, որ գան պահեստազորում հաշվառվեն եւ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի»,-ասաց պատգամավորը։