Կոնկրետ ԲԴԽ-ն բացառում է որեւէ միջամտություն արդարադատությանը եւ մենք մինչեւ հիմա բացարձակապես որեւէ դատական գործով որեւէ գործով նույնիսկ տեղեկատվական կոմունիկացիայի մեջ չենք մտնում: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ վստահություն հայտնելով, որ նման ձեւով վերաբերմունք կա նաեւ քաղաքական իշխանության կողմից:
Անդրադառնալով դատական համակարգի, դատավորների անկախության խնդրին, նա ասաց. «Բայց վերջին հաշվով, դատավորները նույնպես մարդիկ են, եւ նրանք, հնարավոր է, որոշակի սոցիալական ազդեցությունների դաշտում են գտնվում:
Իրականում, դաստավարի անկախությունը միայն այսպես կոչված հեռախոսային անկախությունը չէ: Կա՞ն այն բոլոր նախադրյալները, որոնց պարագայում դատավորը կարող է լիարժեք անկախ գործել: Այդ պարագաները բազմաթիվ են: Մենք առանձնացրել ենք մոտ 32 առաջնահերթություն, որոնց պարագայում կարող ենք ստեղծել երաշխիքների այդ դաշտը»:
Դիտարկմանը, հայտնի գաղտնալսումները ցույց տվեցին, որ այդուհանդերձ դատավորների նկատմամբ ազդեցություն կա, Գագիկ Հարությունյանը նշեց. «Ցանկացած միջամտություն մտահոգություն է, բայց այդ միջամտության բովանդակությունը, նյութը պետք է բացահայտվի: Այն պահին, երբ այդ փաստով գործ հարուցվեց եւ քննչական մարմինները սկսեցին դրանով զբաղվել, մենք այդ ուղղությամբ քայլ չենք արել, որովհետեւ համապատասխան ընթացքով դա պետք է իր ավարտին հասցվի: Առաջին քայլը, որ մենք արեցինք նաեւ մտահոգված, փորձեցինք զրուցել դատավորի հետ, եւ դատավորը նաեւ գրավոր հայտարարություն արեց, որ ինքը որեւէ կոմունիկացիայի մեջ չի մտել: ԲԴԽ-ն միայն դատավորի դիմումի պարագայում կարող է որոշակի քայլեր անել»:
Հարցին, թե քաղաքական հրահանգի հետ կապված խնդիր տեսնո՞ւմ է, ԲԴԽ նախագահն արձագանքեց. «Չեմ կարող ասել, որովհետեւ քննությանը չեմ մասնակցում, բայց ցանկացած երեւույթ, որը հանրային որոշակի կարծիք ստեղծում է, բնականաբար անթույլատրելի ու մտահոգիչ է:
Ես էլ ժամանակին հայտարարել եմ, որ եթե փորձ է արվում հարցնել, թե արդյոք դատավորը որեւէ հրահանգի կենթարկվի, թե ոչ, ես ասացի՝ փորձեք զանգել բոլոր դատավորներին: Ազարյանը պարզապես հայտարարեց, որ այո, ես այն դատավորն եմ, որ որեւէ հրահանգի չեմ ենթարկվել»:











