Եվրոպական դատարանի ցուցում կատարելը անպատվաբեր գործ չէ, Եվրոպական դատարանը դատական ատյան է, որի անդամ է Հայաստանը։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով սամվել Մայրապետյանի գործով ՄԻԵԴ որոշմանը։

«Դատարանի որոշումները պետք է կատարվեն եւ դրանով կարելի է միայն հպարտանալ, որ երկրում օրենքի գերակայությունը, իրավունքի գերակայությունը գերիշխում է։ Թե հիմա ինչ են ուզում ընդունեն, կամ չընդունեն, ես դա չեմ կարող ասել, ես միայն գիտեմ, որ եթե չլիներ նրանց այդ ցուցումը, որեւէ այլ պատճառով չէր կարող բավարարվել նրանց հայցը»,-ասաց Մարուքյանը։

Մարուքյանը նշեց, որ Հայաստանում գործում իրականացվող քննությունը պետք է իրականացվի օրենքի տառին եւ ոգուն համապատսխան, մարդու տարրական իրավունքները պահպանվեն, հակառակ դեպքում լինելու են նոր որոշումներ եւ ցուցումներ Հայաստանի դեմ։

Կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել հայտնի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Ռուբեն  Ֆանարջյանը եւ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, Գարեգին Բ վեհափառ հայրապետի մամուլի խոսնակ տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Յուրաքանչյուրի կողմից 15 մլն-ական դրամ վճարելուց հետո Մայրապետյանին թույլ են տվել մեկնել երկրից:

Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հունվարի 24–ին բավարարել է գործարար Սամվել Մայրապետյանի պաշտպանի միջնորդությունը եւ թույլատրել գործարարին դուրս գալ երկրից։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունվարի 17-ին 39-րդ կանոնի համաձայն որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով եւ ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների՝ այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ: Բացի այդ ՄԻԵԴ–ն առաջնահերթություն է տվել Մայրապետյանի գործին 41-րդ Կանոնի համաձայն եւ պահանջել փաստաբաններից ամբողջական բողոքը ուղարկել շատ ավելի արագ, քան նախկինում պահանջվում էր, ՀՀ գլխավոր դատախազությունը մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող իրավիճակը ժամ առաջ լուծելու փոխարեն ժամանակ է վատնում նման կարգի՝ իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ տարածելու վրա:

Մայրապետյանը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ: