Այն երիտասարդները, որոնք ծառայել են, որոնք առողջական խնդիրներ ունեն, վիրավոր են եղել, հիմա հաշմանդամ են, նրանց չի կարելի մոռանալ: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, ՀՀ նախագահի նստավայրում, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Այո, նրանք թոշակ են ստանում, դեռ պետք է պարզել՝ այդ թոշակը բավարար է, թե ոչ, բայց նրանք երիտասարդ մարդիկ են, չեն կարող 60 տարի թոշակ ստանալ: Պետք է նրանց հետ բերենք կյանք, ներգրավենք: Հաստատ այդ մարդիկ ինչ-որ տաղանդ ունեն, պետք է գտնել, օգտագործել, սովորեցնել ու աշխատանք տալ»,-ընդգծեց ՀՀ նախագահը:

Նա կոչ արեց լրագրողներին՝ գործարարներին հարցնել, թե նրանք ինչ են արել այդպիսի անձնաց համար. «Եթե դու գործարար մարդ ես, ունես 100 աշխատող, գոնե մեկ հոգու կարո՞ղ ես աշխատանքի վերցնել, իհարկե, կարող ես: Ես հանդիպելու եմ մեծ ընկերությունների ղեկավարների հետ, նրանց քաջալերեմ, խնդրեմ, որ նրանք դա անեն»: