Ապրիլյան պատերազմում զոհված տղաները աշխարհաքաղաքական աղետ կանխեցին եւ իրենց կերպարներով  մեկ անգամ եւս ցնցեցին, արթնացրին  հայ ժողովրդին: Այս մասին այսօր՝ հունվարի 28–ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում NEWS.am–ի հետ զրույցում ասաց Ապրիլյան պատերազմում զոհված Ադամ Սահակյանի մայրը՝  Նունե Սահակյանը։

«Մեր տղաները կարծես մի ուղերձ հղեցին հայ ժողովրդին,  որպեսզի միշտ  ձեռքը պուլսի վրա պահեն, եւ շատերի համար մեր տղաները դարձան ոգեշնչման կերպարներ, շատ շատերին նույնիսկ ազնվացրեցին, ցավոք, իրենց կյանքի գնով մեր տղաները աշխարհաքաղաքական աղետ կանխեցին»,–ասաց նա։

Ադամի մայրը նշեց, որ ամեն անգամ, այցելելով «Եռաբլուր»  զինվորական պանթեոն, ականատեսն է լինում նահատակված հերոսների նկատմամբ համաժողովրդական սիրո եւ հարգանքի։

«Ադամը Հունվարի 28–ին վերաբերվում էր այնպես, ինչպես յուրաքանչյուր հայ, բայց նա չգիտեր, որ այս օրվա գլխավոր հերոսներից մեկն է դառնալու»,–ասաց նա։