Թե առաջին ատյանի եւ թե Վերաքննիչ քրեական դատարաններըԱրմեն Գեւորգյանի խափանման միջոցի գործով արդար դատական ակտ են կայացրել եւ մենք որեւէ կասկած չունենք դատական համակարգի անկախության վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ հունվարի 29–ին Վերանքնիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Նա նշեց, որ իր պաշտպանյալի հետ խորհրդակցելուց հետո կորոշեն պաշտպանական կողմի  ներկայացված վերաքննիչ բողոքը մերժելու հետ կապված  Վճռաբեկ դատարան դիմելու հարցը։ Նշենք, որ Էրիկ Ալեքսանյանը բողոք էր ներկայացրել՝ դատարանից խնդրելով  հաստատված համարել նաեւ Գեւորգյանին վերադրված փողերի լվացման մեղադրանքով նախատեսված հիմնավոր կասկածի բացակայությունը: Այս միջնորդությունը վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել էր։

 Անդրադառնալով դատախազության կողմից ներկայացված բողոքին, Ալեքսանյանն ասաց.

«Դատախազությունը շեշտը դրել էր նրա վրա, որ թե՛ Սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու եւ թե՛ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքներում միանշանակ առկա է հիմնավոր կասկած, ինչի հետ պաշտպանական կողմը համաձայն չէ։ Բացի այդ դատախազությունն իր բողոքում նշել էր, որ առկա են Գեւորգյանին կալանավորելու հիմքեր, ինչը սակայն առկա չէ»,–ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ վարույթն իրականացնող մարմինը որեւէ ապացույց չէր ներկայացրել այն մասին, որ Արմեն Գեւորգյանը կթաքնվի քննությունից կամ դատավարության մասնակիցների նկատմամբ ճնշում գործադրելու եղանակով կխոչընդոտի քննությանը։

Ալեքսանյանը նաեւ ասաց, որ առաջին ատյանի դատարանի որոշումից հետո իր պաշտպանյալի նկատմամբ որեււէ քննչական կամ դատավարական գործողություն չի կատարավել։

Նշենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բաղդասարյանի նախագահությամբ որոշում կայացրեց մերժել Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի գործով նրա պաշտպանի եւ ՀՀ գլխավոր դատախազության բողոքները։

Դատարանն անփոփոխ թողեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018թ. դեկտեմբերի 14–ի՝  Գեւորգյանին կալանավորելու  ՀՔԾ-ի միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը։

Նշենք, որ դեկտեմբերի 12–ին նախկին պաշտոնյային նոր մեղադրանք է առաջադրվել։ Գեւորգյանը մասնավորապես մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):

Ավելի վաղ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար, ինչը, սակայն ամիսներ անց հանվեց։

 Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը: