Հայաստանն «իզգոյ» է դարձել ՀԱՊԿ-ում: Հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ երկրի ղեկավարության ապաշնորհ քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ Երեւանը վերջնականապես կորցրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, ընդ որում իշխանությունների կաղմից դա որպես ձախողում չի գնահատվում:
«Սկզբում Փաշինյանը հայտարարում էր, որ Հայաստանը անպայման կպահպանի այդ պաշտոնը, որոշ ժամանակ նույն Փաշինյանը հայտարարեց, որ գլխավոր քարտուղարի պաշտոնի պահպանումն առանցքային դեր չի խաղում, կան ավելի կարեւոր հարցեր», - հիշեցրեց նա:
Շարմազանովը նկատեց, որ Փաշինյանը հակասական հայտարարություններ է անում նաեւ ԵՏՄ-ի հարցում, այդ կազմակերպությունում Հայաստանի անդամակցության վերաբերյալ:
«Լինելով պատգամավոր՝ Նիկոլ Փաշինանը քննադատում էր ԵՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը, այժմ, լինելով իշխանության, նա Մոսկվայում մամուլի ասուլիս է տալիս եւ ասում, որ Երեւանի կողմից նման քայլը այնքան էլ ճիշտ չի եղել, սակայն հետդարձի ճանապարհ չկա: Եվ այս ամենի հետ մեկտեղ, բոլոր միջազգային հարթակներում նա հպարտ հայտարարում է ԵՏՄ-ում Հայաստանի նվաճումների մասին», - ասաց Շարմազանովը:











