Ազգային Ժողովում «Իմ քայլը» փակ նիստ արեց պարգեւավճարների հարցով, դրա ռեկորդը ՊԵԿ-ում էր, եւ պարզաբանման համար կանչել էին նրա ղեկավար Դավիթ Անանյանին։ Նիստից հետո Անանյանը լրագրողներին ասաց՝ հարցերին պատասխանել եմ, ինքս ինձնից բավարված եմ։ Իր հայտարարագրի թվերն էլ բացատրեց՝ 8 ամսվա համար ստացել է 14 միլիոն դրամ պարգեւավճար։

Քաղաքապետարանում պարգեւավճարներ են ստացել նաեւ մեկ ամիս աշխատած վարչական շրջանի ղեկավարները, երկու ամիս աշխատած փոխքաղաքապետերը․ այս հարցին քաղաքապետ Մարությանը պատասխանեց՝ դարձյալ հիշելով նախկիններին։

Դաշնակցությունը մտահոգված է Ադրբեջանի լավատեսությամբ, որը չի պատրաստվում ճանաչել Արցախի անկախությունը, բայց խոսում է համաձայնության հնարավորության մասին․ հատարարեց ՀՅԴ բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը։ Դաշնակցությունը պնդում է, որ  Հայաստանն ու Արցախը պետք է կնքեն ռազմաքաղաքական դաշինք, եւ փաստաթղթով արձանագրվի, որ հարձակում Արցախի վրա նշանակում է հարձակում Հայաստանի վրա։

Բանակցային այն կապիտալը, որը Փաշինյանը ժառանգել էր նախորդ իշխանություններից՝ Շարմազանովի կարծիքով, ամբողջը խայտառակորեն մսխված է, փոխարենը Փաշինյանի դեմքով վերադառնում է Տեր-Պետրոսյանը՝ իր խաղաղության թեզերով։

Ի դեպ, տեր-պետրոսյանական նախկին պաշտոնյաները վերադառնում են պետական ծառայության․ Տիգրան Հակոբյանը, որ 93-ից 95 թվականներին հեռուստառադիոհաղորդումների վարչության պետն էր, ընտրվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ, իսկ ՀԱԿ վարչության անդամ, ԱԳՆ նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է վարչապետի մամուլի խոսնակ:

Արմեն Գևորգյանը չի կալանավորվի։ Այսօր վերաքննիչ դատարանը մերժեց դատախազության բողոքը եւ անփոփոխ թողեց առաջին ատյանի որոշումը նախկին փոխվարչապետի խափանման միջոցի վերաբերյալ։ Արմեն Գեւորգյանը չցանկացավ անդրադառնալ քրեական գործին՝ առաջարկելով խոսել եղանակից։

Փողոցային առեւտրի արգելքից դժգոհողները շարունակում են բողոքի ակցիաները, նրանք նախ ցույց են արել կառավարության շենքի առաջ, հետո քաղաքապետարանի։ Այստեղ նրանց ագրեսիվ են դիմավորել․ NEWS.am-ին պատմեց ցուցարներից մի կին։ Ցուցարարներից մեկը Մարությանին հիշեց Ազիզյանի դերով եւ դժգոհեց իրենց բաժին հասած դերից։

Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանի մոտ հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը զինված բախում է եղել՝ ողբերգական ավարտով․ կրակել են 4 տեսակի հրազենով, նաեւ՝ որսորդական հրացանով, Աբովյան քաղաքի բնակիչ, 30-ամյա  Արտաշես Գևորգյանը մահացել է, 7 հոգի ստացել են վնասվածքներ։ NEWS.am-ի տեղեկություններով՝այս գործով ձերբակալվել է նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականունով հայտնի Մելիք Մանուկյանի 24-ամյա որդին, տուժածներից երկուսն էլ նրա ազգականներն են։ Նախնական տեղեկությամբ՝ հրաձգության պատճառը  երկու խմբերի ունեցած հին տարաձայնություններն էին։

Այսօր Երեւանի Բաղրամյան 56 հասցեում գտնվող «ՎՏԲ» բանկում կողոպուտի փորձ է արվել, ընդ որում՝ կացինով։ 33-ամյա Հրաչիկ Ումուրշադյանը մտել է բանկ եւ կացինը թափահարելով՝ գումար պահանջել, բայց չի հասցրել որեւէ բան հափշտակել, ոստիկանը վնասազերծել է նրան, այդ ընթացքում միայն կոտրվել է բանկի ապակե դռներից մեկը։ Հրաչիկ Ումուրշադյանը ձերբակալվել է, նա ազգությամբ հայ է, Վրաստանի քաղաքացի։

Մահացել է  ԱՍԱԼԱ-ի  մարտիկ Վարուժան Կարապետյանը։ Նա 1983-ին  Փարիզի  «Օռլի» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից հետո ձերբակալվել էր եւ դատապարտվել ցմահ ազատազրկման: Բանտարկությունից 17 տարի անց եւ հայկական կողմի դիմումներին ընդառաջելով՝ պաշտոնական Փարիզն ազատ էր արձակել նրան եւ արտաքսել Հայաստան: Վարուժան Կարապետյանը 65 տարեկան էր։

Դոլարի փոխարժեքն այսօր աճել է՝ կազմելով 486 դրամ, Եվրոն թանկացել է ավելի քան 6 դրամով, փոխարժեքը 556 դրամ է, զգալի՝ մոտ 5 ու կես դրամով, թանկացել է նաեւ բրիտանական ֆունտը՝ կազմելով 640 դրամ, ռուսական ռուբլու փոխարժեքն անփոփոխ է՝ 7 ու 34 դրամ:

Հունվարի 30-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը փոքր-ինչ կնվազի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +7+9։