Սեպտեմբեր ամսին բոլոր ծնողները պայմանագիր կկնքեն դպրոցների հետ, որտեղ շատ հստակ յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտականությունները կպաշտպանվեն. այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: «Ես գիտեմ դեպքեր, որ ծնողներն անընդհատ եւ երբեմն հանիրավի փորձում են մեղադրել ուսուցիչներին»,- նշեց նա:
Նախարարի բնորոշմամբ` «ավելորդ աղմուկ» բարձրացավ «Ուսուցչի վարքականոն»-ի հանրային քննարկման շրջանակում, եւ հիմա նախարարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել այս փաստաթղթում: Հարությունյանի խոսքով` այժմ արդեն ուսուցիչներին տրվող էթիկայի կանոնները, ինչպես նաեւ` դպրոցի ու ծնողների միջեւ կնքվող պայմանագրերը շատ հստակ այդ իրավունքներն ու պարտականությունները կսահմանազատեն եւ «մեր ուսուցիչները բավականին պաշտպանված կլինեն»:
Հիշեցնենք, որ վերջերս կրկին հանրային քննարկման է դրվել շուրջ երեք տարի արդեն գործող «Ուսուցչի վարքականոնը», որը սահմանում է ուսուցչի խոսքի, կերպարի, դասի անցկացման, դասից դուրս աշակերտների եւ ծնողների հետ շփման, հագնվելու չափանիշները: ԿԳՆ-ն պարզաբանել էր, որ փաստաթուղթը վերադարձվում է հանրային քննարկման, քանի որ այստեղ ավելացվել է իր սաների հետ արտաժամյա պարապմունքներն արգելող դրույթը, մանկավարժները նշում են, որ այս վարքականոնը կարող է վրեժխնդրության գործիք դառնալ թե գործընկերների, թե տնօրենների եւ թե աշակերտների ձեռքում:











