Հայաստանի ներկայիս վարչապետը ղարաբաղյան հիմնախնդրում շարունակում է Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը: Հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահի հետ հիմա բազմակողմ բանակցային գործընթաց է վարում, ինչպես վարվում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը: «2018 թվականի ապրիլին տեղի ունեցած իշխանափոխության իմաստն ու ամբողջ էությունը ղարաբաղյան հիմնախնդիրն է: Սերժ Սարգսյանի բառերը՝ «Նիկոլը ճիշտ էր, եւ ես հեռանում եմ» նպատակ ունեին իշխանությունը Փաշինյանին փոխանցել ղարաբաղյան հիմնախնդրում դավադրական քաղաքականությունը շարունակելու համար: Նիկոլ Փաշինյանը, լինելով Լեւոն Տեր-Պետրոսյանի ժառանգորդը, վարում է այդ քաղաքականությունը»,- նշեց նա:

Փոստանջյանը նշեց, որ եթե Սերժ Սարգսյանը բանակցությունների արդյունքների մասին խոսում էր միայն արտասահմանյան լրատվամիջոցների հետ հարցազրույցներում, ապա Նիկոլ Փաշինյանը փորձում է Ալիեւի հետ հանդիպումների էությունը բացատրել միայն ինչ-որ ժամանակ անց՝ համացանցում ուղիղի եթեր մտնելով: «Անհասկանալի է Նիկոլ Փաշինյանի բացատրությունն այն մասին, որ 1,5 ժամ քննարկել են բանակցությունների պատմությունը՝ հաշվի առնելով, որ նա նախկինում պնդում էր, որ դրան լավ ծանոթ է: Ակնհայտ է, որ նման հայտարարությունները կատարվում են նեղ իրավա-քաղաքական գիտակցությամբ ներքին լսարանի համար: Անհասկանալի է, թե բանակցային գործընթացն ինչի շուրջ է ընթանում, եթե իշխանությունները հակամարտության կարգավորման հարցում հստակ հայեցակարգ չունեն: Անհասկանալի են Ղարաբաղի Պաշտպանության բանակում կադրային վերադասավորումների պատճառները»,- նշեց ընդդիմադիրը:

Կուսակցության ղեկավարն ընդգծեց, որ անհանգստություն է առաջացնում առաջ քաշված «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւը:

«Հայաստանը միշտ խաղաղ երկիր է եղել: Մենք միշտ զիջողի դերում ենք եղել, եւ հիմա հասկանալի չէ, թե ինչ զիջումների պետք է գնանք: Եթե ինչ-որ մեկը հույս ունի, որ միջազգային հանրությունը կարող է մեր անվտանգությունն ապահովել, ապա թող հիշի Ուկրաինան եւ նկատի ունենա, որ նման մոտեցումը խաթարում է մեր անվտագության ամբողջ համակարգը: Մեր հայրենքի անվտանգության միակ երաշխավորը մեր Զինված ուժերն են: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Մադրիդյան սկզբունքները արդեն չեն գործում, եւ Ադրբեջանը պատրաստ է ցանկացած պահի ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսել, իսկ դրա ապացույցը Նախիջեւանում ինժեներական աշխատանքներն են, որոնց վրա Հայաստանի իշխանությունները աչք են փակում»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Նրա համոզմամբ՝ հաջողության կարեւոր երաշխիքներից մեկը կարող է լինել որոշումների ընդունման ժամանակ Ղարաբաղի ԶՈՒ անկախությունը:

«Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ռազմական որոշումները պետք է ապակենտրոնացված լինեն, որպեսզի անհրաժեշտության դեպքում մեր բանակը կարողանա օպերատիվ կերպով արձագանքել թշնամու ագրեսիային»,- եզրափակեց նա: