ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղյակ չէ, թե ինչպես է ստեղծվել, մոնտաժվել եւ շրջանառության մեջ դրվել «Գործ N Մարտի 1» ֆիլմը։ Այս մասին այսօր՝ հունվարի 31–ին լրագրողների հետ զրույցումասաց երկրորդ նախագահի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։
Նա ասաց, որ հարցի շուրջ զրուցել է Ռոբերտ Քոչարյանի հետ, ով մանրամասնել է, թե ինչ հանգամանքներում են իրենից հարցազրույց վերցրել եւ ներառել ֆիլմում։
«Սրանից որոշ ժամանակ առաջ պարոն Քոչարյանին զանգահարել է մոսկվայաբնակ մի հայ եւ ասել է, որ կա հայտնի կինոռեժիսոր՝ Ռոման Բաբայանը, որը ցանկանում է իրենից հարցազրույց վերցնել մարտի 1-ի դեպքերի հետ կապված։ Խնդրել է, որ պարոն Քոչարյանը տա հարցազրույց։ Պարոն Քոչարյանը հարցրել է՝ իսկ իրենից բացի ովքեր են խոսելու, նրան պատասխանել են, որ հարցազրույցներ կտան նաեւ Նիկոլ Փաշինյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ էլի մի շարք անձինք, որոնք այդ ընթացքում կարեւոր դերակատարություն են ունեցել։ Այդ պայմաններում պարոն Քոչարյանը համաձայնել է տալ հարցազրույց, որը կազմակերպվել է մի քանի օր անց։ Այդ ժամանակ էլ տեղեկացել է, որ պարոն Փաշինյանը եւ պարոն Տեր-Պետրոսյանը չեն ցանկացել հարցազրույց տալ, թեեւ նրանց առաջարկվել է։ Թե դրանից հետո ֆիլմը ոնց է ստեղծվել, ոնց է մոնտաժվել, ոնց է դրվել շրջանառության մեջ պարոն Քոչարյանին հայտնի չի եղել»,–ասաց նա։
Հարցին, թե Քոչարյանի խոսքերը մոնտաժվե՞լ են, Ալումյանը նշեց, որ տեղյակ չէ եւ խոստացավ ճշտել: Հարցին, թե արդյոք ճիշտ են տարածվող տեղեկությունները, որ Ռոման Բաբայանին խոշոր հոնորար է տրվել ֆիլմը պատրաստելու համար, փաստաբանը պատասխանեց.
«Բացարձակապես ոչ մի հոնորար Ռոման Բաբայանին չի տրվել պարոն Քոչարյանի կամ նրա մերձավորների կողմից։ Բացարձակապես նրանց կողմից նախաձեռնություն չի եղել։ Հակառակը, մարդ է գցել արանքը, որ կարողանա կապ հաստատել պարոն Քոչարյանի հետ»,–ասաց նա։
Ալումյանի խոսքով՝ Ռոման Բաբայանը Քոչարյանի հետ կապ չի ունեցել.
«Իրենք ուղղակի ծանոթացել են ինչ-որ միջոցառման ժամանակ, ընդմանեը այդքանը»:
Հիշեցնենք, որ վերջերս 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ գրեթե միաժամանակ 2 ֆիլմ ցուցադրվեց․ «5-րդ ալիքը» ցուցադրեց «Գործ N 1 Մարտի», իսկ օրեր անց՝ Հանրային հեռուստատեսությունը ցուցադրեց Տիգրան Պասկեւիչյանի հեղինակած «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը։ Երկուս ֆիլմերի ցուցադրումը համացանցում բուռն քննարկումների տեղիք տվեց։











