Հայաստանում վերափոխման գործընթացի հաջորդ քայլը պետք է լինի մեր քաղաքական ձեռքբերումները տնտեսականի վերածելը. այլ կերպ ասած, մենք պետք է տնտեսական հեղափոխություն կատարենք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում իր ելույթում նշեց է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ժողովրդավարությունն ու տնտեսական զարգացումը մեր հասարակության մեջ սերտ ինտերակտիվ հարաբերություն ունեն: Տնտեսական հեղափոխությունը եւ աղքատության վերացումը մեր ժողովրդի գերակայություններն են: Այս գաղափարը հանդիսանում է մեր նոր կառավարության ծրագրի հիմնական նախադրյալը:
Ինչպե՞ս ենք մենք հասնելու այդ նպատակին: Պատասխանը թեեւ պարզ է, բայց ոչ դյուրին: Հիմնական նախադրյալներից մեկը մեր ժողովրդի գործարար եւ մտավոր ներուժի ազատ եւ անսահմանափակ իրականացման համար նպաստավոր պայմանների ստեղծումն է: Մենք ընդունել ենք եւ արդեն սկսել ենք իրականացնել բարեփոխումների հավակնոտ օրակարգ:
Մասնավորապես, ներկայումս մենք արմատական քայլեր ենք ձեռնարկում կոռուպցիայի դեմ պայքարելու, մենաշնորհները վերացնելու, բոլոր տնտեսական եւ քաղաքական դերակատարների համար խաղի հավասար պայմաններ ապահովել եւ անկախ դատական համակարգ ստեղծելու ուղղությամբ:
Այդ բարեփոխումների իրականացման ճանապարհին հաջողության հասնելու համար մենք զարգացնում ենք մեր տնտեսական եւ քաղաքական ինստիտուտները:
Կառուցակարգերի փոփոխումը դժվար գործընթաց է ցանկացած կառավարության եւ հասարակության համար: Այն պահանջում է նշանակալի ռեսուրսներ՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ մտավոր: Մենք վճռական ենք՝ առաջ շարժվելու այս ճանապարհով:
Այնուամենայնիվ, ինչպես ցանկացած այլ անցումային երկիր, մենք եւս կարիք ունենք լրացուցիչ աջակցության՝ բարեփոխումներն արագացնելու համար:
Այս համատեքստում, ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել մի հանրահայտ փաստի վրա. նախկին խորհրդային երկրներից ոչ մեկին չի հաջողվել արդիականացնել ինստիտուտներն առանց ֆինանսական եւ տեխնիկական աջակցության: Հայաստանը բացառություն չէ: Ավելին, հետխորհրդային երկրներին բնորոշ մարտահրավերներից բացի, Հայաստանն անկախության առաջին իսկ օրերից դիմակայել է մի շարք այլ մարտահրավերների:
Դեպի ծով ելք չունենալն անբարենպաստ աշխարհագրական հանգամանք է: Շուրջ երեսուն տարի տեւած տրանսպորտային շրջափակումը, որը կանխամտածված քաղաքական քայլ էր, մեր երկրի տնտեսական զարգացման համար լուրջ եւ երբեմն անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծեց:
Էներգետիկ անվտանգությունը մեկ այլ խնդիր է մեզ համար: Եվ վերջապես, անցյալի ժառանգությունը հանգեցրել է ոչ բարեկամական անվտանգության միջավայրի, որը կարող է վերաճել գոյապահպանական սպառնալիքի:
Այս առումով, Եվրամիության հետ գործընկերությունը հսկայական նշանակություն ունի մեր բարեփոխումների օրակարգի համար: Դժվար է գերագնահատել վերջին քառորդ դարում Հայաստանին տրամադրված ԵՄ աջակցության կարեւորությունը:
Մենք վճռական ենք՝ առաջ շարժվելու մեր բարեփոխումների իրականացման ճանապարհով: Մենք դա անելու ենք՝ անկախ դժվարություններից եւ հանգամանքներից: Այդուամենայնիվ, ԵՄ-ի ֆինանսական եւ տեխնիկական օժանդակությունը կարող է արագացնել եւ ամրապնդել Հայաստանում իրականացվող գործընթացները:











