Այս պահին պարգեւավճարների հարցով դեռ լուծում չկա: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ հավելելով, որ հանդիպմանը չեն շրջանցել նաեւ պարգեւավճարների թեման: Նշենք, որ նիստը տեւել է 4 ժամ:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ այդ հարցով արդեն խմբակցությունը հանդիպել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, եւ դեռ էլի գերատեսչությունների ղեկավարների հրավիրելու են հանդիպման. «Միայն մեկ գերատեսչության պարզաբանումներով չենք կարող լուծում կամ առաջարկ ներկայացնել: Խնդիրը կհասկանանք, կվերլուծենք, այս պահին լուծում դեռ չկա: Եվս մեկ գերատեսչության հետ երբ քննարկենք նաեւ պարգեւավճարների հարցը, կհասկանանք, թե ինչպիսի օրենսդրական նախաձեռնության կարիք կա, կամ դրա կարիքը կա, թե ոչ»,-ընդգծեց Մակունցը:

«Վարչապետն այս հանդիպման ժամանակ էլ ընդգծեց, որ ՊԵԿ-ի պարգեւատրումների բյուջեն կիսով չափ կրճատվելու է 2019-ի համար: Սա կարծում եմ՝ արդեն իսկ կարեւոր քայլ է: Այս խմորումները, խնդրի բարձրաձայնումը արդեն իսկ արձագանք է ստացել եւ լուծումներ են տրվում: Խնդրի այլ լուծումներ այս պահին չունենք: Այս լուծումն էլ առաջարկել էր վարչապետը»,- ասաց Մակունցը:

Հիշեցնենք, որ բազմաթիվ պետական գերատեսչություններում Ամանորից առաջ աստղաբաշխական պարգեւավճճարներ են տրվել: Մասնավորապես, խոսքը ՊԵԿ-ի ու Ֆինանսների նախարարության մասին է: