Այսօր՝ փետրվարի 2-ին, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցությունում տեղի ունեցած հանդիպումից հետո, որին մասնակցել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խմբակցության պատգամավորները տարբեր զավեշտալի պատճառաբանություններ էին բերում, որպեսզի չպատասխանեն լրագրողների հարցերին:
Մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը երկար բացատրում էր, որ տաքսին իրեն է սպասում: Լրագրողների հարցին, թե ինչու է խուսափում պատասխանել հարցերին, վերեւից ասել են՝ չխոսե՞ք, նա արձագանքեց. «Չեմ խուսափում, ուղղակի տաքսիս սպասում է: Ո՞նց կարող են վերեւից ասել, ուղղակի չեմ ուզում մարդուն սպասեցնել»:
«Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Կարեն Համբարձումյանը, իր՝ հարցերին չպատասխանելը այսպես պարզաբանեց. «Պարզապես վատառողջ եմ, վիզս է բռնվել: Մեզ ոչ ոք ոչինչ չի արգելում»:
Իսկ խմբակցության պատգամավորներից Նիկոլայ Բաղդասարյանը անկեղծացավ, որ պայմանավորվել են, որ որեւէ տեղեկատվություն չեն տալիս. «Էթիկապես ճիշտ չի լինի, որ ես տեղեկատվություն տրամադրեմ, եթե բոլորով որոշել ենք՝ որեւէ տեղեկատվություն չտրամադրել»:
Նշենք, որ քիչ առաջ խոորհրդարանում ավարտվել է «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումը, որը տեւել է մոտ 4 ժամ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նաեւ մարզպետներ: Նախապես հայտարարվել էր, որ փակ նիստում քննարկվելու է «Կառավարության կառուցվածքում փոփոխություններ» կատարելու հարցը:
Նշենք, որ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին թույլ չեն տվել մուտք գործել շենք, քանի որ ոչ աշխատանքային օր է:











