Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ այգում սկսել  է հացադուլը՝ պահանջելով  տրամադրել «Տատիկիս վարսերը» ֆիլմի համար նախատեսված ֆինանսավորումը։ Լրագրողների հետ զրույցում ռեժիսորը պատմեց, որ ֆիլմի համար ֆինանսավորում է նախատեսված եղել դեռեւս նախկին Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի կողմից, սակայն այն 2 ամսով փոխանցվել է այլ պետական կարիքներ հոգալու համար եւ չի վերադարձվել։

«Բայց ֆիլմին ամենածանր հարվածը հասցվել է նոր իշխանությունների օրոք։ Նազինե Ղարիբյանի ղեկավարած ֆիլմերի ֆինանսավորման հանձնաժողովը կասեցրել է ֆիլմի ֆինանսավորումը, մերժել է ֆիլմի ֆինանսավորման հայտը, անտեսվել է 2015 թվականին ֆիլմին տված 3 տարվա ֆինանսավորումը եւ ֆիլմին 88 մլն դրամով աջակցելու պայմանավորվածությունը կատարվել է 18 մլն դրամով, 70 միլիոնի ֆինանսավորումը կասեցվել է»,- ասաց նա։

Ռեժիսորի խոսքով՝  դեռեւս դեկտեմբերին ինքը հացադուլ էր սկսել եւ նախկին Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը իրեն հավաստիացրել էր, որ ֆինանսավորում կտրամադրվի, սակայն գրեթե 2 ամիս անց ոչ մի պայմանավորվածություն չի կատարվել։

«Մակունցի հետ մենք շատ երկար զրույց ունեցանք, որի ժամանակ ինքը հավաստիացրեց, որ  կսկսվի ֆիլմի ֆինանսավորումը  եւ այս հացադուլի պահանջներից մեկը, որ տիկին Մակունցի հետ հանդիպման ձայնագրությունը հրապարակվի, դուք կտեսնեք, որ ոչ մի բան այդ պայմանավորվածությունից չի կատարվել՝ նոր պայմանագիր չի կնքվել,  Մակունցը չի դիմել մեր գործընկերներին, որ մնան արտադրության մեջ, դրա փոխարեն 2 խայտառակ նամակ է  գրել, որ ֆիլմը դատական պրոցեսի մեջ է, ոնց որ կոչ անեն, որ արտադրությունից դուրս գան։ Փաստորեն դա ինձ հացադուլից հանելու միջոց էր, որը չի անցնի։ Հացադուլը ամենածայրահեղ միջոցը չէ, ես ամսի 6-ին ես ֆիլմի կողմնակիցներին եմ հրավիրելու եւ ամսին 7-ին ջրադուլ եմ անելու հենց ԱԺ դիմաց, որովհետեւ ինչքան իշխանությունը հակամարդկային է, այնքան մենք մարդասիրական մեթոդներով ենք պայքարելու նրա դեմ։ Ես գնալու եմ մինչեւ վերջ, պայքարի ամենադաժան միջոցներով»,- ասաց ռեժիսորը։

Նշենք, որ ցերեկային ժամերին ռեժիսորը հացադուլն անցկացնում է ԱԺ բակում, իսկ երեկոյան՝ Մատենադարանաի մոտ տեղադրված վրանում։

Ռեժիսորը 3 պահանջ է առաջադրել եւ դրանց իրականացման դեպքում միայն կդադարեցնի հացադուլը։

«Վերսկսել «Տատիկիս Վարսերը» կինոնախագծի պետական ֆինանսավորումը, վերադարձնել «Տատիկիս Վարսերը» կինոնախագծից մշակույթի նախարարի հրահանգով 2017թ-ին վերցրած գումարները, Սկսել ֆիլմարտադրողների կողմից առաջարկվող՝ կինոյի պետական կառավարման արդյունավետ, թափանցիկ ու առաջընթաց ապահովող մոդելի քննարկումները»,- ասաց նա։

Ռեժիսորին ԱԺ բակում հանդիպեց  ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ով լրագրողների հետ զրույցում ասաց, որ կհորդորի Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը եւ այլ միջոցներով լուծել խնդիրը։