Ինքնապարգեւատրումների ինստիտուտը պետք է ուղղակի վերանա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Նա համոզված է՝ վերադասը պետք է որոշի՝ պարգեւատրի թե ոչ. «Դա դիսկոմֆորտ է հենց այն մարդկանց համար, ովքեր իրենք իրենց պարգեւատրում են, եւ ընդհանրապես, այո՛, վերադասը որոշակի չափորոշիչների համաձայն պետք է որոշի՝ պարգեւատրի կամ ոչ»։

Մակունցը, սակայն, կարեւորում է պարգեւատրումները որակյալ կադրերի խրախուսման առումով. «Պարգեւավճարների ինստիտուտը կարեւոր է խրախուսման առումով, որակյալ մասնագետների արտահոսք չունենալու առումով, սակայն մյուս կողմից չափազանց կարեւոր է հանրային արձագանքը եւ արդարության զգացումը»,–նշեց նա։

Նրա խոսքով՝ տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպումները անձերով կամ գերատեսչություններով պայմանավորված չեն եղել, խնդիրը համապարփակ ուսումնասիրման մեջ է եղել. «Խնդրի լուծումը կլինի օրենսդրական նախաձեռնության կամ կառավարությանի առաջարկ ներկայացնելու տեսքով»,–նշեց նա։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը տեղեկացրեց, որ մարզպետների հետ հանդիպում եղել է նաեւ շաբաթ օրը։

Նրա փոխանցմամբ՝ առաջինը ՊԵԿ–ի ղեկավարի հետ հանդիպումը պայմանավորված է եղել պարգեւավճարների մեծ չափով, սակայն լուծումները բոլորի համար նույնն են լինելու։ «Այո՛, այդ գումարների չափն իրենց անհանգստացրել է  եւ նպատակահարմար են գտել առաջին հերթին իրենց հետ հանդիպել»,–ասաց նա։

Մակունցը հավելօեց նաեւ, որ կառավարությունում եւս հարցը դիտարկվում է եւ մշակում են մեխանիզմներ, որ պարգեւավճարները չափելի կլինեն, ոչ թե լինի լողացող համակարգ։

Նա հայտնեց նաեւ, որ փետրվարի 7-ին իրենց խմբակցությունը հանդիպում կունենա Ֆինանսների նախարարի հետ, եւ քննարկման օրակարգում է ոչ միայն Հարկային օրենսգիրքը, այլ նաեւ պարգեւատրումների հարցը: