Կարծում եմ՝ կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծն արդեն վերջնականացման փուլում է եւ մոտ ապագայում Ազգային ժողովում կլինի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Նրա տպավորությամբ՝  նախարարությունները կարծես բնական ճանապարհով արդեն իսկ սկսել են նոր կառուցվածքի տրամաբանության մեջ գործել։

Հարցին՝ 12 նախարարություն է մնալո՞ւ կառուցվածքի փոփոխության արդյունքում, նա ասաց. «Ենթադրում եմ, այո։ Այլ տեղեկություն չունեմ»։

Հարցին, թե ինչ քայլերով են հասնելու սուպերվարչապետական համակարգի վերացմանը, ինչպես հայտարարել էր հարցազրույցներից մեկում, Մակունցը պատասխանեց. «Այս պահին չեմ կարող ասել, թե ինչ քայլեր կլինեն, բայց ամենաառաջինը՝ խորհրդարանը իր վերահսկողական եւ բոլոր գործառույթը պետք է սկսի ամբողջովին կիրառել, ապա կտեսնենք, թե այս վերահսկողության կամ հաշվետու պահելու առումով ինչ թերացումներ կան, կամ ինչն է, որ մեզ ավելի է անհրաժեշտ, որ քայլ–քայլ գնանք սուպերվարչապետական համակարգի վերացման ճանապարհով»։

Դիտարկմանը, թե ՔՊ–ականները ժամանակին հայտարարում էին, թե ԱԱԾ–ն ու ոստիկանությունը չպետք է լինեն վարչապետին առընթեր, իսկ հիմա այլ բան են հայտարարում, սա արդյոք սկզբունքների փոփոխություն չէ, Մակունցը կարծիք հայտնեց, որ ցանկացած հարց քննարկելիս պետք է հաշվի առնենք այն իրավիճակը, որում տեղի են ունեցել դրանք. «Անվիճարկելի, արդար, թափանցիկ ընտրությունների արդյունքում ձեւավորվել է իշխանությունը եւ ասել, թե անձերով պայմանավորված կարող է որեւէ կամայականություն գործել, չի կարող։ Մենք իհարկե ցանկանում ենք, որ Ոստիկանությունն ու ԱԱԾ–ն  խորհրդարանին հաշվետու լինեն։ Պիտի մտածենք այն ձեւաչափը, որով հաշվետու կլինեն»։

Նա շեշտեց՝ Սահմանադրության 88-րդ հոդվածը սահմանում է, որ ԱԺ–ն վերահսկում  է ամբողջ գործադիր մարմինը, բայց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով հստակեցում չկա։

«Երբ մենք սկսենք ամբողջ գործիքակազմը կիրառել, կարող է պարզվել, որ նրանք պարբերաբար գալու են եւ հաշվետվություն են ներկայացնելու ԱԺ–ին»,–նշեց խմբակցության ղեկավարը։

Ինչ վերաբերում է ոստիկանությանը՝ ապա Մակունցն ընդգծեց՝ ոստիկանությունը միջամտում է երկրի ներքին գործերին, քաղաքացիների կյանքին եւ չի կարող ունենալ քաղաքական կամ կուսակցական ուղղորդվածություն։