«Աշտարակ կաթի» գործունեության հետևանքով դատարաններում հայտնված տնտեսվարողները այսօր՝ փետրվարի 4–ին, բողոքի ակցիա իրականացրին կառավարության շենքի դիմաց։ Նրանց խոսքով՝ ընկերությունը դիմել է խարդախության և հիմա դատարանի միջոցով պահանջում են, որպեսզի իրենք ևս մեկ անգամ վճարեն առաքված կաթնամթերքի գումարները։

«Կատարվում է կլասիկ խարդախություն։ Փաստարկներ կներկայացնենք վաղը, որից հետո կոչ ենք անում, հորդորում ենք, որ այն քաղաքացիները, ովքեր տուժել են «Աշտարակ կաթից», կանգնեն և պաշտպանեն իրենց շահերը»,– ասաց ցուցարարներից մեկը։  

Տնտեսվարողների փոխանցմամբ՝ մանրածախ առևտուր իրականացնողները և «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն տարիներ շարունակ աշխատել են «ավանդական» սկզբունքով՝ ընկերության առաքիչները բերել են կաթնամթերքի խմբաքանակ, որի դիմաց ստացել են կանխիկ գումար և տարել, մուտքագրել են հաշվապահություն։ Շուրջ 2500 տնտեսվարողների շուրջ երկու տարի առաջ դատարանից ծանուցում է եկել, որ նրանք չեն վճարել «Աշտարակ» կաթից  վերցրած ապրանքի գումարը. «Ունենք փաստեր, որ վճարումները ժամանակին ենք կատարել։ «Աշտարակ կաթը» ապրանքը տվել է առաքիչին, բայց դատի է տալիս խանութպանին, 2-3 հազար դոլարի չափով պարտքեր են գալիս մեր հասցեով»,–փոխանցեց տնտեսվարողներից մեկը։

Բողոքի ակցիայի ժամանակ տնտեսվարողների հետ հանդիպման եկավ կառավարության դիմում-բողոքների և նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը։ Վերջինս ուշադիր լսեց նրանց, խորհուրդ տվեց դիմում գրել և գրավոր դիմել կառավարությանը, որից հետո հորդորեց. «Ցանկացած գործարք պետք է անդորրագրով արվի, ժողովուրդ, բարաթով աշխատեք»։

Հավաքված տնտեսվարողները կոչ արեցին «Աշտարակ կաթի» գործունեությունից տուժած քաղաքացիներին՝ փետրվարի 7–ին հավաքվել կառավարության դիմաց և միասին պահանջել հարցի լուծում այն է՝ չեղյալ համարել դատարանի վճիռները և իրենց ազատել «Աշտարակ կաթին» տուգանք և արդեն վճարված ապրանքի դիմաց գումարների վճարումի պարտավորությունից։