Ես պատկերացում չունեմ անցումային արդարադատության մասին, իմ կարծիքով, դրա մասին պատկերացում չունեն նույնիսկ այն անձինք, ովքեր շատ են խոսում այդ մասին: Նման կարծիք այսօր՝ փետրվարի 26–ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։
Հարցին, թե դատավորների անկախության համար ի՞նչ լրացուցիչ երաշխիքներ են հարկավոր, Ազարյանը պատասխանեց. «Միգուցե, իմ պատասխանը սուբյեկտիվ հնչի, բայց առաջին պայմանը աշխատավարձերի կտրուկ բարձացումն է՝ ոչ թե ձեւական, այլ՝ կտրուկ»։
Խոսելով դատական համակարգի առողջացման իր տեսլականի մասին, Ազարյանն ասաց.
«Կարևոր նախապայմաններից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է, եթե պաշտոնատար անձինք իրենց տեղերում քիչ խնդրանքներ հասցեագրեն դատարանին, ապա կոռուպցիան դատական համակարգից կվերանա: Իմ կարծիքով՝ դատական համակարգը անկախ է ցանկացած առումով՝ եւ գործնական եւ տեսական»։
Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ այսօր դատավորի մասնագիտությունը չունի այն գրավչությունը, ինչպես նախկինում, Ազարյանը պատասխանեց.
«Դատական համակարգը քիչ–քիչ մաքրվում է անպարկեշտ դատավորներից։ Ցանկացած անձ, որը ցանկանում է դատավոր դառնալ, կամ նշանակվում է դատավոր, գիտի, որ պետք է ազնիվ, մաքուր աշխատի եւ ռիսկերից հեռու մնա. անկախ իշխանություններից, դա դատավորի միջից պետք է լինի»։
Ազարյանը, որը դատական համակարգում հայտնի է ավելի հաճախ արդարացման դատական ակտեր կայացնելով, նշեց, որ տարեսկզբին երկու արդարացման դատավճիռ է կայացրել։
«Արդարացման դատական ակտ կայացնելը ինքնահաստաման ձեւ չէ. դա չափանիշ է, որը խոսում է դատավորների անկախության մասին»,– եզրափակեց դատավորը։











