Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 27–ին շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնարդության քննությունը։ Նշենք, որ երեկ կայացած դատական նիստում պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել գործը քննող դատավոր Մարինե Մելքոնյանին։

Գրիգորյանի փաստաբանները դժգոհում են, որ Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ գործերը մշտապես մակագրվում են Մարինե Մելքոնյանին, եւ վերջինս մշտապես որոշում է, որ կալանքի համար հիմքեր կան։

Նշենք, որ պաշտպանական կողմը միջնորդել է  շուրջ 20  մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակել նրան։

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 22-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության բողոքն ու որոշում կայացրել կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։ ԱԺ նախկին պատգամավորը կալանավորվել է 2018թ. հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ, ապա դեկտեմբերին գրավի դիմաց ազատ արձակվել: Ավելի վաղ հայտնել ենք, որ Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է։ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է կնոջ, որդու եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու եւ իրենց պատկանող երեք տներում պահելու համար։ Գրիգորյանը մեղադրվում է նաեւ կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի օժանդակությամբ 2014-2017թթ ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության ու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից ԵԿՄ հասարակական կազմակերպությանը հանձնված պարենային ապրանքների ու հանդերձանքի յուրացման համար։ Խոսքը առանձնապես խոշոր չափերի` 101.232.917 դրամ արժողությամբ գույքի մասին է։