ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ NEWS.am–ը զրուցել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի երկարամյա դատավորներից Մանուշակ Պետրոսյանի հետ։ Նա Վերաքննիչում աշխատում է 2000 թ-ից։ Մանուշակ Պետրոսյանը միակ կին դատավորն է, որ մասնակցել է Արցախյան ազատամարտին։
Ինչպե՞ս կազմավորվեց Վերաքննիչ քրեական դատարանը, ի՞նչ դժվարություններ կային այդ շրջանում։
Վերաքննիչ քրեական դատարանը սկզբունքորեն նոր դատարան էր, մինչ այդ մենք ունեինք Առաջին ատյանի դատարան և Գերագույն դատարան, որի հիմքի վրա հետագայում ձևավորվեց Վճռաբեկ դատարանը։ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակվեց Գերագույն դատարանի դատավոր Ռազմիկ Ազարյանը, որի դերակատարությունը մեծ էր դատարանի կազմավորման հարցում։ Մենք օգտվում էինք արդեն կայացած Վերաքննիչ դատարաններ ունեցող երկրների օրինակներից, օգտագործում էինք նրանց փորձը, տեղայնացնում մեզ մոտ։ Սկզբում շատ դժվար էր. մենք տեղավորվել էինք Վճռաբեկ դատարանի շենքում, որտեղ աշխատանքային և շենքային շատ վատ պայմաններ էին, դատավոր ու օգնական մի սենյակում էին նստում, ներսում այնքան ցուրտ էր, որ կգերադասեինք դրսում իրականացնել մեր աշխատանքը, բայց դիմանում էինք, մինչև տեղափոխվեցինք նոր շենք։
Ինչո՞վ է առանձնանում Վերաքննիչ դատարանի ներկայիս շենքը։
Հենց միայն այն, որ այս շենքում են տեղակայված Մինաս Ավետիսյանի երեք որմնանկարները, արդեն իսկ բավական է շենքի մասին պատկերացում կազմելու համար։ Կարծես աշխատունակությունս ավելանում է, երբ ամեն օր մտնում եմ դատարանի շենք և հաղորդակցվում նկարների հետ, դրական էմոցիաներ եմ ստանում։ Կարելի է ասել՝ ես 15 տարի ապրել և աշխատել եմ այս որմնանկարների ուժով։
Ինչո՞ւ ընտրեցիք հենց դատավորի մասնագիտությունը։
Մայրս միշտ ցանկացել է, որ իր երեխաներից մեկը բժիշկ դառնա, և ընտրեց ինձ։ Ես 8-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվեցի բժշկական ուսումնարան, սակայն երկու ամիս անց այնտեղ հասկացա, որ դա իմ մասնագիտությունը չէ։ Այդ փուլում ես սկսեցի կարդալ Դոստոևսկու ստեղծագործությունները, և հենց նա էլ ինձ բերեց իրավական դաշտ, որովհետև հնարավոր չէ կարդալ Դոստոևսկի և չցանկանալ աշխատել այս բնագավառում։ Հետո ընդունվեցի Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1986 թ-ից աշխատել եմ Նաիրիի շրջանի գործկոմում՝ որպես հրահանգիչ, ապա 10 տարի աշխատել, որպես Նաիրիի շրջանի ԶԱԳՍ-ի վարիչ։ Այդ շրջանի իմ ամենամեծ ձեռքբերումը համարում եմ այն, որ 10 տարվա ընթացքում որևէ օտար անուն չեմ դրել երեխաներին։ Դա եղել է թե՛ համոզելու, թե՛ հորդորելու, և թե՛ ինչ–որ տեղ իրավունքները «սահմանափակելու» գնով։ Ես միայն հայկական անուններ եմ գրանցել։ Վերանքնիչ դատարանում աշխատում եմ 2000-ից։
Քչերը գիտեն, որ դուք մասնակցել եք Արցախյան պատերազմին։ Կմանրամասնե՞ք, թե ինչ ծառայություն եք այնտեղ կատարել։
Երբ սկսվեց Արցախյան շարժումը, ես 26 տարեկան էի։ Ես հիմնականում եղել եմ Գետաշենի շրջանում, Հադրութում և Ստեփանակերտում։ Այնպես չէր, որ ես մարտադաշտում ավտոմատով կռվում էի, ես Հայաստանից գործուղվել էի, որպեսզի այդ շրջաններում ծնունդների, ամուսնությունների և մահերի գրանցման գործընթացն իրականացնեմ։ Իրականացրել եմ նաև ինքնապաշտպանական ջոկատների հետ կապված կազմակերպչական գործառույթներ, այդ թվում՝ զբաղվել զենք-զինամթերքի, սննդի մատակարման կազմակերպման հարցերով։ Ես մեր զինանշաններով, դրոշով մեկնում էի Գետաշեն ու հայկական հիմնի հնչյունների ներքո իրականացնում էի գրանցումները։ Այդ տարիներին ես ծանոթացա ապագա ամուսնուս հետ, որ նույնպես ազատամարտիկ էր։ Իմ եղբայրը ՝ գեներալ Աստվածատուր Պետրոսյանը, ևս ակտիվ մասնակցություն է ունեցել պատերազմին։
Դեռ շարունակո՞ւմ եք իրականացնել Երկրապահ կամավորական միության վարչության անդամի ձեր լիազորությունները։
Այո, ես և ամուսնս դեռ վարչության անդամներ ենք։ Մենք բավականաի մեծ գործառույթներ ենք իրականացնում ԵԿՄ-ում:
ԵԿՄ-ի ղեկավարի շուրջ ստեղծված հայտնի իրադարձություններից հետո հարվածի տակ դրվեց այդ կառույցի հեղինակությունը:
Չկա այդպիսի բան։ ԵԿՄ հիմնադրվել է Վազգեն Սարգսյանի կողմից, ԵԿՄ-ն միշտ իրականացրել է հասարակական գործունեություն, քաղաքականությամբ չի զբաղվել, չի զբաղվում և չի զբաղվելու։ Որևէ նշանակություն չունեն վարչության նախագահի հետ կապված այդ խնդիրները, «Երկրապահն» իր տեղում է, իր դերում է և իրականացնում է իր խնդիրները։ Չկա այդպիսի բան, «Երկրապահը» եղել է, կա ու լինելու է։
Այսօր տեսակետ կա, որ դատավորի մասնագիտությունը չունի նախկին գրավչությունը։ Այս կարծիքի հետ համամի՞տ եք:
Համաձայն չեմ։ Այն մասնագետը, որի համար էական է արդարադատության իրականացումը, որ հստակ պատկերացում ունի այս դաշտի մասին, նորից գալու է և ձգտելու է դատավոր դառնալ։ Մեկ տարի դատավորի պաշտոնի որոշակի թափուր տեղեր ունենալը դեռ չի նշանակում, որ մարդիկ դատավոր դառնալու ցանկություն չունեն։ Դատավորն ամենավեհ և հրաշագեղ մասնագիտություն է, արդարադատություն իրականացնելը սրբագույն աշխատանք է, չէ՞ որ դատավորը գործ ունի մարդկանց ճակատագրերի հետ:
Ի՞նչ լրացուցիչ երաշխիքներ են հարկավոր դատավորների անկախության համար։
Պետք է բարելավել դատավորների սոցիալական պայմանները՝ ապահովելով իրենց աշխատանքին հարիր աշխատավարձով: Օրինակ՝ մեր հարևան Վրաստանում դատավորը 4-5 անգամ ավելի բարձր աշխատավարձ է ստանում. նույնը ԱՄՆ-ում է, Եվրոպայում։ Եթե դատավորը սոցիալապես ապահովված է լինում, հնարավոր չէ, որ բարձր մակարդակով չիրականացնի իր գործառույթները: Միայն աշխատավարձերի բարձրացում է հարկավոր, ուրիշ որևէ բան դատավորին պետք չէ ։
Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, որոնք փորձել են կամ փորձում են միջամտել դատարանի գործերին։
Ես նման կոնկրետ օրինակ չգիտեմ, իմ աշխատած 23 տարիների ընթացքում ես որևէ միջամտության ականատես չեմ եղել, իմ աշխատանքին այս ընթացքում որևէ մեկը չի խոչընդոտել, և ես չեմ կարող ասել, որ նման բան կա։
Ի՞նչ է զգում դատավորը արդարացման դատական ակտ կայացնելիս:
Դա կյանքիս ամենաերջանիկ պահն է. ինչպես արդարացման դատական ակտեր կայացնելը, այնպես էլ դատական նիստերի դահլիճում դատապարտյալին, ամբաստանյալին կամ մեղադրյալին ազատ արձակելը։ Իմ կյանքի ամենաերջանիկ պահը առաջին երեխայիս ծնունդն էր, իսկ հաջորդ երջանիկ պահերը, երբ ես ամեն անգամ կարդում եմ՝ «անհապաղ ազատ արձակել դատական նիստերի դահլիճից»։
Շատ են եղել դեպքեր, երբ ամբաստանյալներն ինձ աղոթագրքեր, Աստվածաշնչեր են նվիրել, եղել են պահեր, երբ փորձել են մոտենալ՝ համբուրել: Այդ ժամանակ զգում ես, որ դու վեհ ու հրաշալի աշխատանք ես կատարում, երբ մարդկանց կարողանում ես օրենքի ուժով փրկել:











