ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կարծում է, որ հանցավորության աճի տեմպերը անհանգստանալու տեղիք չեն տալիս:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո Օսիպյանը նշեց, որ որոշակի աճ իսկապես նկատելի է, բայց դա բացատրություն ունի եւ ամեն դեպքում տեմպերն այնպիսին չեն, որ մտահոգեն:

Հիմնական աճը վերաբերում է  սեփականության դեմ ուղղված հանցագործություններին, դրանք հիմնականում բնակարանային գողություններ են:

Միաժամանակ   բավականին լուրջ ձեռքբերում կա անչափահասների շրջանում կատարված հանցագործությունների նվազման, կոռուպցիոն հանցատեսակների կրճատման մասով։

Օսիպյանը հաղորդեց, որ Ոստիկանությունը մշակում եւ առաջիկայում Կառավարությանը կներկայացնի կոնկրետ հանցատեսակների դեմ պայքարի ուղղությամբ ծրագիր:

«Հեղափոխությունից հետո  ժողովուրդն ավելի զգայուն է դարձել եւ ցանկացած մանրուք ոստիկանություն դիմելու առիթ է դառնում: Միայն հեղափոխությունից հետո դիմողների թիվը 807-ով  ավելի է եղել անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (2018-ի կես տարվա տվյալներ):

Համաներումը նույնպես անդրադարձել է իրավիճակի վրա: Համաներմամբ ազատված 50 մարդ կրկնել է հանցագործությունը», - ասաց Օսիպյանը: