Հայաստանի Ոստիկանությունը մարտի 1-ի երթի ժամանակ կկատարի իր պարտականությունները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը։

«Բնականաբար, դա հանրահավաք է, հանրային միջոցառում։ Ոստիկանությունը կկատարի իր պարտականությունները»,- նշեց Օսիպյանը՝ պատասխանելով ոստիկանների մասնակցության մասին հարցին։

Ինչ վերաբերում է անմիջապես հանրահավաքում իրավապահների ներկայացուցիչներին, դա յուրաքանչյուրի գործն է, եւ ծառայության մեջ չգտնվողները կարող են մասնակցել։ «Դա ավելի շուտ նույնիսկ հանրահավաք չէ, այլ հիշատակի ցույց»,- նշեց Օսիպյանը՝ ընդգծելով, որ հաստատության ղեկավարության կողմից հանձնարարություններ չեն լինի։ Կմասնակցի արդյոք Օսիպյանն ինքը, թե ոչ, «վաղը կերեւա»։ Հիշեցնենք, որ վաղը լրանում է Երեւանում ողբերգական իրադարձությունների տասներորդ տարելիցը, եւ այդ կապակցությամբ երթ է նախատեսված։

Խոսելով Ոստիկանության ապագայի մասին՝ Օսիպյանը հաստատեց առաջիկա կրճատումներն ու բարեփոխումները։ Դրանցից մեկը նախատեսում  է ճանապարհային ոստիկանության եւ պարեկապահակային ծառայության հիման վրա նոր պարեկային ծառայության ստեղծում։

Պատասխանելով այն հարցին, թե քանի ոստիկան կա երկրում, Օսիպյանը բարձրաձայնեց՝ 9000 ոստիկան, ովքեր պահպանում են կարգը։ Ոստիկանական զորքերի մասին տվյալները գաղտնի տեղեկատվություն են։ Լրագրողները փորձեցին պարզել՝ արդյոք դա նշանակո՞ւմ է, ինչպես ասում էր Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր էր, որ մեզ մոտ ոստիկանական պետություն է, ինչին ի պատասխան Օսիպյանն ասաց, որ ոստիկանական է պետությունը, թե ոչ, որոշվում է ոչ թե ոստիկանների թվով, այլ երկրում ժողովրդավարությամբ եւ օրինականությամբ։

Մամուլի ներկայացուցիչների խնդրանքով, մեկնաբանելով քրեական տարրերին ասֆալտին փռելու վարչապետի հանձնարարության հետ կապված իրավիճակը, Օսիպյանը հավաստիացրեց, որ գործընթացը հետեւողական բնույթ է կրում եւ ելնում է կոնկրետ իրավիճակից։ «Վերջերս նման դեպք եղել է»,- նկատեց Ոստիկանության պետը՝ խորհուրդ տալով մանրամասները մամուլի ծառայությունից պարզել։

Դրա հետ մեկտեղ, Օսիպյանը չբացառեց նոր կալանավորումները։ Ինչ վերաբերում է աղմկոտ քրեական գործերի մասնակիցների արտահանձնմանը, ապա դա, ինչպես հիշեցրեց Օսիպյանը, բավական երկար գործընթաց է՝ կապված բազմաթիվ տարրերի հետ։ Սակայն աշխատանքներ տարվում են, եւ Ոստիկանությունն իր մասով ամեն ինչ անում է։