Ես չեմ զանգել Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանին, ոչ էլ Արթուր Գրիգորյանն է ինձ զանգել։ Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը՝ անդրադառնալով երեկ Արթուր Գրիգորյանի այն հայտարարությանը, թե Երգի պետական թատրոնի փակումը կասեցվել է։
«Հավանաբար նախորդ իշխանությունների օրոք պարոն Գրիգորյանը այդպիսի հարցերը զանգերով է լուծել, մեր օրոք այսպիսի բան չկա»,–ասաց նա։
Նազենի Ղարիբյանը հավաստիացրեց՝ Երգի պետական թատրոնը փակելու մասին դեռ խոսք չկա. «Ինձ հասել է այնպես, թե Երգի պետական թատրոնի փակումը կասեցվել է, կարծես մենք վաղը փակում էինք այն»։
Հիշեցնենք, որ մշակույթի նախարարությունը վերլուծությունների առաջարկ փաթեթ է մշակել, որով առաջարկում է Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնը, Հայաստանի երգի պետական թատրոնը, Երեւանի կամերային պետական թատրոնը, Երեւանի կամերային երաժշտական թատրոնը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Կոմիտասի անվան ազգային քառյակը եւ ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող 15 այլ կազմակերպություններ լուծարել, եւ վերակազմակերպել:











