ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության եւ քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Փարվանա-Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպության Սեւանի մասնաճյուղի կառավարիչ Վահրամ Ղազարյանը 2015-2018 թվականներին չարաշահելով շուրջ 40-50 անձանց վստահությունը՝ խաբեությամբ, ձեւական կնքելով փոխառության պայմանագրեր, վարկային կազմակերպությունում ավանդ ձեւակերպելու պատրվակով ստացել եւ խարդախությամբ հափշտակել է մոտ 1.000.000 դոլար՝ խոստանալով ամսական ապահովել տարբեր չափերի եկամտաբերություն:
Բացի այդ, պարզվել է նաեւ, որ 2018-2019 թվականներին նա մի շարք քաղաքացիների անուններով կնքելով գրավի կեղծ պայմանագրեր եւ վարկային կազմակերպության ծրագիր մուտքագրելով իրականությանը չհամապատասխանող տվյալներ՝ իրեն վստահված «Փարվանա-Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպության Սեւանի մասնաճյուղի դրամարկղից յուրացրել է ավելի քան 8.000.000 դրամ:
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ խարդախությամբ եւ յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, ինչպես եւ կեղծ փաստաթղթեր պատրաստելու եւ օգտագործելու հատկանիշներով:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության համար:
Կասկածներ կան, որ Վահրամ Ղազարյանի գործունեությունից հնարավոր է տուժած լինեն այլ քաղաքացիներ եւս, որոնք կարող են դիմել ոստիկանության Սեւանի կամ մոտակա բաժին:











