Այս շենքն իրոք մշակութային ժառանգության նմուշ է, այն կարելի էր պահել և նորոգել, ոչ թե քանդել: Այս մասին այսօր` մարտի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը, ով մի խումբ քաղաքացիների հետ բողոքի ակցիա էր իրականացնում Հայկ Մարությանը եւ Արթուր Մեսչյանի դեմ` բողոքելով ԿԳՆ նախկին շենքի քանդման դեմ:
«Արթուր Մեսչյանը ևս պետք է հասկանա, որ որքան էլ վաղը-մյուս օրն ասի՝ իրեն ստիպել են, որ ինքը դա անի, չի ընդունվելու: Այս շենքն իրոք մշակութային ժառանգության նմուշ է: Այն կարելի էր պահել և նորոգել, ոչ թե քանդել: Հայկ Մարությանին մենք ուղերձներ ունենք հղելու, որ նա հանգիստ չլինի: Նա հանգիստ չի ունենալու իր պաշտոնավարման ընթացքում: Մարությանի կողմից փչացվում է Արթուր Մեսչյանի մտավորականի կերպարը: Հիմա նրան փորձում են դարձնել մարդ, ով Երևանում շենքեր է քանդում: Ո՞ւմ շահերից է բխում այս շենքը քանդելը: Հայկ Մարությանն ունի կոնկրետ շահեր այս շենքը քանդելու համար: Ինձ մեկ-մեկ թվում է՝ Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետարանը խառնում է Կարգին հաղորդման սքեթչերի հետ և դերասանի կերպարում փորձում է հարցեր լուծել: Ես կոչ եմ անում նրան վերադառնալ Սուպեր մամայի կերպարի բարոյական մասին: Ես դիտել եմ դա, ի միջի այլոց, պարոն Մարության, ձեզ կնոջ կերպարն ավելի շատ է սազում, քան քաղաքապետի, հորդորում եմ, որ մարդկային առումով վերադառնալ այդ կերպարին եւ միշտ հիշեք ակտիվիստների մասին, դա էն հայտնի վարունգի նման է, այսօր ձեզ մոտ է, վաղը մեկ ուրիշ տեղ է լինելու», - ասաց ակտիվիստը:
Նարեկ Սամսոնյանը միաժամանակ նշեց, որ Հայկ Մարությանը փողով ակտիվիստներին տարել է քաղաքապետարան՝ ապահովագրելու իրեն բողոքի ակցիաներից, սակայն դրանից իրական ակտիվիստների թիվը չի պակասելու:
«Գուցե այս շենքը քանդելու համար կաշառք են տվել, գուցե Հայկ Մարությանի ընկերներից մեկին է ձեռնտու այս շենքը քանդելը, չգիտեմ, ամեն ինչ կարելի է ենթադրել: Ներկայացվածը հիմնավորումներ չի, աբսուրդի թատրոն է», - ասաց նա:
Նարեկ Սամսոնյանի խոսքով` նախկինում մշակութայիին արժեք ներկայացնող շենքերի քանդման դեմ բողոքող ակտիվիստներն այժմ դարձել են «ռեժիմի ստրուկ» եւ այդ պատճառով բողոքի ակցիաներ չեն անցկացնում:
«Անկեղծ ասած ես սպասում էի, որ Զառա Հովհաննիսյանը գա էստեղ ջութակ նվագի, Համասյանը` դաշնամուր, Սաքունցը գա քննադատի, կամ Լեւոն Բարսեղյանը մի-երկու քֆուր տալով գար: Մենք սպասեցինք, որ ցույց տանք, որ այս մարդիկ այլեւս չկան, կոպիտ ասած ռեժիմի ստրուկ են դարձել»,-հավելեց նա:
Նշենք, որ NEWS.am-ի հետ զրույցում մի շարք ճարտարապետներ քննադատել էին Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի որոշումը քանդել ԿԳՆ նախկին շենքը, որը միառժամանակ ներառված է եղել պատմական արժեք ներկայացնող շենքերի ցանկում, սակայն հետագայում հանվել է: Ճարտարապետների խոսքով, որ հավաստիացումները, թե շենքի ճակատային մասը վերականգնվելու է, իրականությանը չի համապատասխանում, քանի որ ճակատային մասի քանդված քարերը զգուշությամբ չեն հանվում: Հատկանշական է, որ Արթուր Մեսչյանի այս որոշումը պաշտպանել է եւ Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հողամասը ձեռք բերած «Արմսվիս Փրոփերտիս» ՓԲԸ-ն դիմել է Երեւանի քաղաքապետարան՝ շենքի կիսաքանդ ճակատային հատվածը ապամոնտաժելու եւ տեղում ստորգետնյա հարկերով բիզնես կենտրոն կառուցելու նպատակով:











