Անկախ հետագա զարգացումներից Երեւանի պետական համալսարանը հաղթել է։ Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԵՊՀ–ի շուրջ ծավալվող գործընթացներին։

«ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի կողքին էին նաեւ մարդիկ, որոնք  Արամ Սիմոնյանին ժամանակին ավելի շատ էին քննադատում, քան գործող իշխանություններն այսօր, որովհետեւ այն իշխանությունը, որը խոստանում է ապաքաղաքական կրթական համակարգ, հետո ցանկանում է ռեկտոր փոխել, ռեկտորը չի համաձայնում ու հանկարծ Ալադինի լամպից դուրս են գալիս իրավապահները, ՊՎԾ–ն, ոստիկանությունը, Սիմոնյանի Արամի դեմ սկսում են գործընթացներ գնալ, ինքնուրույն կառավարման խորհուրդն այդ հարցով նիստ է հրավիրում, ինքնուրույն կառավարման խորհուրդը, պարզվում է, նախարարի տակ չէ, պարզապես համընկել է»,–նշեց նա։

Աշոտյանը, սակայն, վստահ է, այս գործընթացները հաստատեցին ԵՊՀ–ի կարեւոր դերակատարությունը հանրային կյանքում. «Այն պրոցեսը, որը կարող էր բերել ակադեմիական ազատությունների եւ բուհական ինքնակառավարման վերջին նշույլների կործանմանը, հաստատեց, որ Մայր բուհը պահպանում է հանրային կյանքում իր բացառիկ դերակատարությունը»։

Նա ողջունեց այն փաստը, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգը, որով դրվում էր ռեկտորի հրաժարականի հարցը, հաստատելու օգտին չեն քվեարկել անգամ կառավարության կողմից նշանակված անձիք։

Աշոտյանը այդ գործընթացում քաղաքական մոտիվացիա է տեսնում. «Երբ ԿԳ նախարարը հայտարարում է, թե տեսեք՝ կողքս դեռ  ՀՀԿ–ական քաղծառայողներ կան, հաստատում է, որ այս պրոցեսը քաղաքական է։ Որովհետեւ այդ մարդիկ քաղաքական պաշտոնյաներ չեն։ Այսինքն այդ մարդիկ պետք է երախտապա՞րտ լինեն նախարարին, որ օրենքով պաշտպանված քաղծառայողներին, որոնք փայլուն մասնագետներ են, իրենց կուսակցական պատկանելիության համար չի ազատում աշխատանքից»։

Նա շեշտեց՝ գոնե ՀՀԿ–ի իշխանության օրոք բուհերի կառավարման  խորհուրդները ղեկավարում էին պրոֆեսիոնալներ. «Վերցրեք բոլոր բուհերի կառավարման խորհրդի ցուցակները։ Խորհրդի նախագահները  կարող է բարձրաստիճան պետական պաշտոնյաներ չէին, ոնց որ մեր ժամանակ էր, սակայն մեր ժամանակ պրոֆեսիոնալներ էին։ Վաչե Գաբրիելյանը պրոֆեսիոնալ էր, որ Երեւանի տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի նախագահն էր։ Ես կրթության կառավարման տեսակետից պրոֆեսիոնալ եմ, որ Բժշկական համալսարանի կառավարման խորհրդի նախագահն էի»։

Աշոտյանի վստահ է՝ ոչինչ չի փոխվել, հիմա էլ պատգամավորներ եւ փոխնախարարներ են ներգրավված խորհորդների կազմում. ««Իմ քայլը» խմբակցության  պատգամավորներ, կառավարության «Իմ քայլի» քվոտայով նշանակված փոխնախարարներ։ Բա՞ն է փոխվել։ Մեր օրոք գոնե ԲՀԿ–ից կամ ՀՅԴ–ից պատգամավորներ էին ներգրավված խորհուրդների կազմում։ Հիմա կա՞ կառավարման խորհուրդ, որտեղ բացի «Իմ քայլից» այլ ներկայացուցիչներ էլ լինեն»։

Աշոտյանը եզրափակեց, որ չնայած իշխանությունները խոստացել են ավելի լավ Հայաստան, սակայն «այս ընթացքում լավացել է  միայն Նիկոլ Փաշինյանի շրջապատի կյանքը»։