Արցախի իշխանությունները թերբնակցված համայնքների բնակիչներին դիտարկում են որպես էժան աշխատուժ: Այս մասին Արցախի Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի առաջին նիստի ավարտին պատգամավորական հայտարարությունների ժամանակ նշել է «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը:

Նա իր ելույթում մեղադրել է Արցախի իշխանություններին վերաբնակեցման ծրագրերը տապալելու եւ այն խոշոր հողատեր-պաշտոնյաների համար ծառայացնելու նպատակով: Նա մասնավորապես նշել է.

«Հսկայական ներուժ ունեցող Արցախի տարածքն այսօր տառապում է ապաշնորհ կառավարումից, որոշ շրջաններում կառավարման ֆեոդալական մոտեցումներից: Տարիներ շարունակ Արցախի այսօրվա իշխանությունը վերաբնակեցման ծրագրերն իրականացնելիս շեշտը դրել է ոչ թե ամուր, ուժեղ ընտանիքներ, ընտանեկան տնտեսություններ խթանելու վրա, այլ մի քանի հոգու կողմից հազարավոր հեկտարների մշակումն ապահովելու վրա: Արցախի ներկայիս իշխանությունները թերբնակեցված, բայց հողերով հարուստ համայնքների բնակիչներին դիտարկել են միայն որպես էժան աշխատուժ, հնարավորինս փորձել են ոտնահարել նրանց իրավունքները եւ վերածել նրանց վարչական ռեսուրսի ուղղորդմամբ քվեարկող զանգվածի: Պայքարել են ինքնաբավ ընտանիքների դեմ, հասել նրանցից շատերի հեռանալուն, օրենսդրական բացերի եւ իրավական մանիպուլյացիաների միջոցով զանգվածաբար խլել են մարդկանց կողմից տասը տարուց ավելի մշակվող հողերը, ստեղծել խոշոր պաշտոնյա հողատերերի կաստա, որը վերաբնակեցման ծրագրերն օգտագործում է խոշոր հողակտորների վրա էժան աշխատուժ ապահովելու նպատակով: Շրջեցեք Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Քաշաթաղի հողերով հարուստ համայնքներով, տեսեք թե ինչպես է գյուղացին լրացուցիչ հեկտար հող ստանալու համար հանդիպում չհաղթահարվող արգելքների: Ուղարկեք հարցումներ համայնքապետերին եւ կտեսնեք, որ համայնքային ջրովի հողերի զգալի մասը պատկանում են նախկին վարչապետին, պաշտպանության փոխնախարարին, այս կամ այն վարչակազմի ղեկավարին կամ կասկածելի հիմնադրամների, որոնց տակ էլի նույն մարդիկ են թաքնված: Ուսումնասիրելով փաստաթղերը՝ կտեսնեք, որ այդ մարդիկ համայնքային հողերի մեծ մասը ձեռք են բերել իրենց պաշտոնավարության շրջանում»:

Խանումյանը շեշտել է, որ ժողովրդագրական ասպարեզում ճգնաժամը կարելի է հաղթահարել միայն այն ժամանակ, երբ սեփական համայնքում ապրող բնակիչը կկարողանա արժանապատիվ կյանք ստեղծել, հարստանալ իր տնտեսության միջոցով: Նա  նշել է, որ ոչ մեկն իր երեխային այստեղ չի պահի, որ դառնա այս կամ այն խոշոր հողատերի բատրակը: Նմանապես ոչ մեկը չի գա այստեղ բանկավելու իր ընտանիքի համար նման հեռանկարով:

Խանումյանը միեւնույն ժամանակ նշել է այն պայմանները, որոնք կարող են թռիչքաձեւ զարգացում ապահովել թերբնակեցված համայնքների համար:

«Կա հստակ խնդիր. մենք պետական բյուջեի, Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով եւ ՀՀ հետ գործակցությամբ պետք է տարեկան 200-250 կմ որակյալ ճանապարհ կառուցենք, առաջնահերթ՝ Ստեփանակերտ-Մարտակերտ, Ասկերան-Ակնա-Մարտունի, Բերձոր-Միջնավան, Միջնավան-Ագարակ, Կապան-Կովսական, Կոռնիձորն ու Խնձորեսկը Քաշաթաղին կապող ճանապրհները, Հադրութի տարբեր ձորակներ այս մայրուղիներին կապող ճանապարհները: Այս համայնքներում մենք պետք է կարողանանք նորմալ դպրոցական կրթություն առաջարկել եւ կտեսնենք, որ լրացուցիչ այլ ծրագրերի կարիք չկա: Ամենակարճ ժամանակահատվածում այս համայքները թռիչքային զարգացում են ունենալու»: