Նախագծի նպատակն այն է եղել, որ Հայաստանում վերջապես ունենանք անկախ արհեստակցական միություններ, իսկ դա հետաքրքրում է հարյուր հազարավոր աշխատողների, որոնք առայսօր ստրկական վիճակում են գտնվում գործատուների մոտ: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ներկայացնելով Արհեստակացական միությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը բացասական եզրակացություն է ստացել թե կառավարությունում, թե ԱԺ համապատասխան հանձնաժողովում:
«Հիմա որն է պատճառը, որ ԱԺ-ն արդեն որերորդ անգամ չի ցանկանում, որ Հայաստանում ունենանք անկախ արհեստակցական միություն»,-ասաց Գեւորգ Պետրոսյանը:
Նա վրդովված խոսեց նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի արարքի մասին՝ նշելով. «Հանձնաժողովի նիստին գալ ուշացումով, չլսել իմ զեկույցը, որեւէ բառ չասել նախագծի վերաբերյալ, բայց դրսում հարցազրույց տալ ու ասել, որ այս նախագծի իմաստը աշխատողներին տոտալ վերահսկողության ներքո պահելն է:
Ես ուսումնասիրել եմ պարոն Մկրտչյանի կենսագրությունը, ինքը 26 տարեկան է, իսկ ես 23 տարի ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում դասավանդում եմ, 23 տարի զբաղվել եմ աշխատողների իրավունքների դատական պաշտպանությամբ, ու այդ ոնց եղավ, որ աշխատողների շահերը տոտալ վերահսկողության ներքո դնելու նախագիծ հեղինակեցի:
Մենք այստեղ անընդհատ խոսում ենք սիրո, հանդուրժողականության մթնոլորտի մասին: Սա՞ է հանդուրժողականության մթնոլորտը՝ չմասնակցել նիստին, հետո ապատեղեկատվություն տարածել, թե ԲՀԿ-ի ներկայացրած նախագիծը ուղղված է աշխատռողների շահերի դեմ:
Եթե կա ասելիք, ես ձեզ, պարոն Մկրտչյան, հրապարակային հրավիրում եմ բանավեճի, դուք ասում եք՝ ես իմ ասելիքն ասել եմ, չեմ գալիս բանավեճի»:
Գեւորգ Պետրոսյանը կոչ արեց կողք քվեարկել նախագիծը ԱԺ նիստերի օրակարգ ընդգրկելուն:
Քվերակությամբ ԱԺ-ն մերժեց օրինագիծն ընդգրկել ԱԺ 2-րդ նստաշրջանի նիստերի օրակարգում:











